«Ընտրիր ծրարը» ու շահի՞ր․ սոցցանցերում տարածվող խաղարկությունները խարդախություն են

Սոցցանցերում կրկին տարածվում են «խաղարկություններ», որոնք օգտատերերին թանկարժեք նվերներ և անակնկալներ են խոստանում։
«Samsung Fans» անունով ֆեյսբուքյան էջը հայտարարել է, թե իբր նոր խանութի բացման առթիվ նվիրում է 300 հեռախոս։ Օգտատերերին առաջարկվում է «ընտրել հաջողակ ծրարը» և տարածել գրառումը։
«Պաշտոնական մեկնարկը նշելու համար մենք 300 Samsung S26 Ultra հեռախոս ենք նվիրում հաջողակ հաղթողներին: Ընտրեք ձեր հաջողակ ծրարը հիմա»,- նշված է 𝐒𝐚𝐦𝐬𝐮𝐧𝐠 𝐅𝐚𝐧𝐬-ի գրառման մեջ, որին կցված է խանութի «բացման» լուսանկար։

Մեկ այլ՝ Monika Nazaryan Fans էջը, որը ներկայացվում է որպես երգչուհի Մոնիկա Նազարյանին նվիրված էջ, խոստանում է անվճար ավտոմեքենաներ։ «Ընտրեք տուփի համարը՝ մեքենայի բանալին ստանալու համար։ Յուրաքանչյուր տուփ պարունակում է նվեր»,- նշված է էջի մարտի 6-ի գրառման մեջ։ Այն արդեն հավաքել է հարյուրավոր հավանումներ և հազարավոր մեկնաբանություններ։

Էջերը կասկածելի են, լուսանկարները՝ հին, սխեման՝ նույնը
Samsug Fans էջը ստեղծվել է մարտի 21-ին, ունի ընդամենը 28 հետևորդ, և դրա միակ ակտիվությունը այս «խաղարկությունն» է։ Միևնույն ժամանակ «խանութի բացման» լուսանկարը ոչ նոր է, ոչ էլ՝ Հայաստանից․ այն շրջանառվում է առնվազն 2025 թվականից՝ տարբեր լեզուներով նույնատիպ սխեմաներում։
Monika Nazaryan Fans էջը թեև ստեղծվել է նախորդ տարի հունիսի 19-ին է և 684 հետևորդ ունի, սակայն էջում միայն հրապարակվել են խաղարկությունների վերաբերյալ գրառումներ։
Միևնույն ժամանակ Samsung-ը Հայաստանում նոր խանութ չի բացել։
Ո՛չ Samsung-ի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում, և ո՛չ էլ երգչուհի Մոնիկա Նազարյանը ննման ակցիաների մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել իրենց պաշտոնական էջերում։
Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ի կամ այլ հայտնի ընկերությունների անունից կեղծ «խաղարկություններ» են տարածվում․ նման դեպքերին պարբերաբար անդրադառնում է #CivilNetCheck-ը։
Ինչպես է աշխատում սխեման
Խարդախները օգտատերերից պահանջում են նշել թիվ, ընտրել «տուփ» կամ «ծրար» և տարածել գրառումը։ Սա արվում է հրապարակման տեսանելիությունն արհեստականորեն բարձրացնելու և ավելի մեծ լսարան հասնելու համար։
Սակայն այսպիսի «խաղարկությունների» նպատակը մրցանակ բաժանելը չէ։ Վերջնական նպատակն օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն ստանալն է՝ հետագա խարդախությունների համար։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










