Միացյալ Նահանգներն ու Իրանը ձախողել են խաղաղության գործարք կնքելու փորձը Պակիստանի մայրաքաղաքում կայացած բանակություններից հետո։
Ապրիլի 11-ին սկսված ու մոտ 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թեհրանն Իսլամաբադում հրաժարվել է ընդունել Վաշինգտոնի պայմանները։
«Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չենք հասել, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասել է ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող Վենսը։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ն Թեհրանից պահանջում է «հիմնարար պարտավորություն» միջուկային զենք չմշակելու վերաբերյալ։
«...Մենք պետք է տեսնենք դրական պարտավորություն, որ նրանք չեն ձգտի ձեռք բերել միջուկային զենք և չեն ձգտի ձեռք բերել այն գործիքները, որոնք թույլ կտան նրանց արագ հասնել միջուկային զենքի»,- ասել է Վենսը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիլ Բաղաեին կիրակի օրը հայտարարել է, որ ոչ ոք չէր էլ ակնկալում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկ նստաշրջանում կհանգեցնեն համաձայնության։
Նրա խոսքով՝ Թեհրանը «վստահ է, որ Պակիստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս բարեկամ երկրների հետ կապերը կշարունակվեն»։
Պակիստանն, իր հերթին, կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին պահպանել կրակի դադարի նկատմամբ ստանձնած պարտավորությունը և շարունակել ջանքերը` կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
...
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում էին Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել էր Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Ապրիլի 8-ին Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ:












