Կարգալույծ եղած անձը չի կարող ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռն անընդունելի է ու անօրինական է համարում վարչապետի որոշմամբ Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակումը «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։
«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։
Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։։
Մայր Աթոռում այս քայլը հերթական ոտնձգությունն են համարում Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
«Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- հայտնում են Մայր Աթոռից։










