63-ից 72 տարեկան քաղաքացիները ծեր չեն, նրանք ունեն տնտեսական ներուժ, որը պետությունը պետք է խրախուսի։ Այս մասին նոյեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 63-72 տարեկան քաղաքացիների գործարար նախաձեռնություններին աջակցելու ծրագրի քննարկման ժամանակ։ Կառավարությունը հաստատել է ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2 մլն դրամի պետական աջակցություն տրամադրել սեփական գործը սկսելու կամ զարգացնելու համար։
«63 տարեկան մարդը ծեր չի։ 64 տարեկան մարդն էլ ծեր չի, 65 տարեկան մարդն էլ ծեր չի, 70 տարեկան մարդն էլ ծեր չի, 72 տարեկան մարդն էլ ծեր չի»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ տարիքի քաղաքացիներն ունեն մասնագիտական գիտելիքներ և կյանքի փորձ, սակայն նրանց «թոշակառու» պիտակավորելը շատ դեպքերում նպաստում է տնտեսական ակտիվության նվազմանը։
«Մենք շատ դեպքերում մարդուն այդ թոշակառու պիտակը կպցնելով ըստ էության նպաստում ենք նրանց իրանց տնտեսական ապաակտիվացմանը»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև առարկել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանի այն ձևակերպմանը, թե ծրագիրը նախատեսված է գործարար հմտություններ չունեցող, բայց ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մարդկանց համար։
Փաշինյանի խոսքով՝ կարող է նաև հակառակ իրավիճակը լինել. մարդիկ ունեն գործարար հմտություններ, սակայն կենսաթոշակառուի կարգավիճակի մասին շարունակական շեշտադրումների հետևանքով կորցրել են ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկությունը։ Նրա գնահատմամբ՝ պետության խնդիրը այդ ցանկությունը վերականգնելը կամ մեծացնելն է, ինչպես նաև քաղաքացիներին օգնելը՝ զարգացնելու իրենց կարողությունները։
«Մեր խնդիրն էն ա, որ աջակցենք, քաջալերենք մեր նշված խմբի հայրենակիցներին, որ նրանք մարզվեն և դուրս գան մրցասպարեզ»,- ասել է վարչապետը՝ դասընթացների միջոցով գործարար գործունեությանը նախապատրաստվելը համեմատելով մարզիկների մարզումների հետ։
Փաշինյանը նաև առաջարկել է ծրագրում նախատեսել համատեղ գործարար նախագծեր իրականացնելու հնարավորություն, քանի որ դասընթացների ընթացքում մասնակիցները կարող են գործընկերություններ ձևավորել։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում ավելի քան 100 հազար կենսաթոշակառու շարունակում է աշխատել որպես վարձու աշխատող։
«Մենք 100 000-ից ավել կենսաթոշակառու ունենք, որ ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ է, պարզապես վարձու աշխատող է»,- ասել է Թորոսյանը՝ ընդգծելով նրանց ներդրումը պետական և մասնավոր հատվածներում։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը նախկինում վերացրել է աշխատանքի շարունակման համար սահմանված տարիքային մի շարք սահմանափակումներ, որոնց պատճառով քաղաքացիները ստիպված էին դադարեցնել աշխատանքը։
Թորոսյանն անդրադարձել է նաև ավագ սերնդի ակտիվությունը բնութագրող հասկացություններին՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում օգտագործվում է «ակտիվ ծերացում» արտահայտությունը, սակայն իր կարծիքով՝ նույնիսկ այդ ձևակերպումն արդեն հնացել է։
«Ոչ միայն ծեր չեն, այլև միգուցե շատ երիտասարդներից էլ ավելի առույգ և ակտիվ են մեր շատ ավագ սերնդի քաղաքացիները»,- ասել է նախարարը։
Թորոսյանը կարևորել է նաև ավագ սերնդի առողջության պահպանումը՝ նշելով, որ աշխատանքը և ֆիզիկական ակտիվությունը կարող են նպաստել դրան։
Կառավարության հաստատած ծրագիրը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այն նախատեսված է 63-72 տարեկան քաղաքացիների համար, որոնք ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրությամբ կամ զարգացնել իրենց տնտեսական գործունեությունը։
Ծրագրով առնվազն 400 քաղաքացի հնարավորություն կունենա անվճար մասնակցել ձեռնարկատիրական գիտելիքների դասընթացների և աջակցություն ստանալ սեփական գործարար ծրագիրը մշակելու համար։ Դասընթացների մասնակիցներից առավելագույնը 200-ը կկարողանա ստանալ մինչև 2 մլն դրամի պետական ֆինանսավորում։
Խաչատրյանն ընդգծել է, որ աջակցությունը վարկ չէ, և ծրագրի պայմանները պահպանելու դեպքում գումարը վերադարձնելու պարտավորություն չի առաջանա։ Վճարումները կիրականացվեն անկանխիկ՝ անմիջապես ապրանք կամ ծառայություն մատակարարողներին։ Աջակցության ոչ նպատակային օգտագործման կամ ծրագրի պայմանների խախտման դեպքում գումարը ենթակա կլինի վերադարձման։
Ծրագրով առաջնահերթություն է նախատեսված սահմանամերձ, բարձր լեռնային և գյուղական բնակավայրերի բնակիչների համար։ Ֆինանսական աջակցության ընդհանուր առավելագույն չափը 400 մլն դրամ է։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել փորձնական ձևաչափով և արդյունքների գնահատումից հետո որոշել հետագա քայլերը։
Քննարկման ավարտին Փաշինյանը նշել է, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության համակարգը ևս կարող է նպաստել նրանց տնտեսական ակտիվությանը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլերում կառավարությունը կանդրադառնա նաև 63-65 տարեկան քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցին։
Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, կառավարությունը հաստատել էր նաև հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիքի անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը։ Դրանով նախատեսվում է աջակցություն տրամադրել նշված խմբերի քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին՝ փոխհատուցելով վճարված եկամտային հարկի մի մասը։











