Անի Փայտյան
Լեյլին, Ազադը և Ռահան(անունները փոխված են) լքել են իրենց հայրենի Իրանը՝ ցնցումների ու անորոշության պատճառով՝ փնտրելով մի բան, որը թվում է պարզ, բայց իրականում չափազանց փխրուն է՝ ազատություն։ Հայաստանում նրանք գտել են որոշակի հանգստություն։ Սակայն այդ հանգստությունն ուղեկցվում է մշտական անորոշությամբ՝ ինչ է սպասվում վաղը։
Լեյլին ուշադիր դասավորում է իր Հաֆթ-Սինի սեղանի յուրաքանչյուր տարրը՝ պահելով մի ավանդույթ, որից հրաժարվել չէր կարող։ Սաբզեն՝ ծլած հատիկները, դրված էին սամանուի կողքին՝ քաղցր ու խիտ մածուկ, որը հանգիստ ու ջերմ զգացողություն է փոխանցում։ Չրերը հիշեցնում են արմատների մասին, քացախը՝ ժամանակի հոսքի, իսկ մի խնձոր՝ պարզ ու խորհրդանշական, հանգիստ իր տեղն էր զբաղեցնում սեղանին։ Սումախի կարմիրը հիշեցնում էր արևածագի առաջին լույսը՝ այն լուռ հաղթանակը, որ մարդիկ ամեն տարի հույս ունեն նորից տանել չարիքի նկատմամբ։
Սրանք են Նովրուզի՝ իրանական Նոր տարվա խորհրդանշական յոթ տարրերը։ Այդ օրը ընտանիքները հավաքվում են, ընկերները նստում են կողք կողքի, և մի փոքր հույս կա, որ տարին կլինի ավելի մեղմ ու խաղաղ։
Սակայն այս տարի Լեյլին Նոր տարին չի դիմավորում ընտանիքի հետ Թեհրանում։ Նա տոնում է Երևանի նորակառույց շենքերից մեկի փոքրիկ բնակարանում՝ հայրենիքից հեռու, միայն իր ընկերոջ հետ։

Փախուստ քաոսից
Լեյլին Իրանից հեռացավ անցյալ սեպտեմբերին։ Նրան այս քայլին է դրդել Իսրայելի և Իրանի միջև տասներկուօրյա պատերազմը։
«Այդ ժամանակ ունեցա իմ առաջին խուճապի նոպան,- հիշում է նա։ - Հետո հասկացա՝ այլևս չեմ կարող այսպես ապրել։ Պատերազմի ստվերի տակ դու այլևս մարդ չես։ Պարզապես գոյատևում ես՝ ինչպես շղթայի ամենացածր օղակում գտնվող կենդանին»։
Անցյալ ամռանը՝ հակամարտությունից հետո, և այս տարվա նոր սրացման ֆոնին հազարավոր իրանցիներ սկսել են լքել երկիրը։ Շատերի համար փախուստի ճանապարհները երկուսն են՝ Հայաստան կամ Թուրքիա։
Լեյլին չի տատանվել։ Նրա ընկերոջ ընկերությունը տեղափոխվել էր Հայաստան, Լեյլին էլ ճամպրուկները հավաքել և ուղևորվել է Երևան։




Առաջին տպավորությունները, որոնք չեն մոռացվում
Սա նրա առաջին այցը չէր Հայաստան։
«Եկել էի փոքր ժամանակ՝ ծնողներիս հետ։ Պլանավորում էինք մնալ տասը օր, բայց մնացինք մեկ ամիս։ Ես սիրեցի այստեղի մթնոլորտը՝ փողոցները, էներգիան, ազատ կյանքի զգացողությունը»։
Թեհրանում Լեյլին մտերմացել էր հայ հարևանների հետ։
«Ինչ-որ իմաստով ես նրանց հետ եմ մեծացել։ Նրանց տանը երաժշտական գործիքներ կային՝ առաջին անգամ էի տեսնում գործիքներ տանը։ Նրանց հետ տեսա իմ առաջին տոնածառը։ Տեսա, թե ինչպես մարդիկ ազատորեն բաժակ են բարձրացնում, խմում։ Ուրախ էր։ Ես մեծացել էի խիստ իսլամական միջավայրում, որտեղ այս ամենը արգելված էր։ Կարծում եմ՝ ես սիրեցի Հայաստանը մինչև այստեղ գալը։ Մի տեսակ ազատության կայծ էր»։

Նոր սկիզբ՝ դժվարություններով լի
Նար-Դոսի փողոցում՝ համեստ բնակարանում, Ազադն ու Ռահան փորձում են նոր կյանք կառուցել, բայց մշտապես անհանգստանում են իրենց ապագայի համար։
Երկուսն էլ երեսունն անց են․ մեկը աշխատում է ՏՏ ոլորտում, մյուսը գրաֆիկ դիզայներ է։ Սակայն Երևանում կայուն աշխատանք գտնելը հեշտ չէ։
Չնայած դրան՝ այստեղ իրենց հանգիստ են զգում՝ այնքան, որ վերադարձը Իրան այլևս չեն դիտարկում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, բայց այդ աճը բերել է նաև սուր մրցակցություն։
Յուրաքանչյուր աշխատատեղի համար պայքարը բարդ է․ դիմումները շատ են, իսկ թեկնածուների թիվը հասնում է տասնյակների, երբեմն՝ հարյուրների։ Նորեկների համար կա նաև լեզվի խնդիր․ անգլերենը երբեմն օգնում է, բայց առօրյայում գերակշռում են հայերենն ու ռուսերենը։
2025 թվականի դեկտեմբերին Ազադն ու Ռահան Հայաստան էին եկել երկու շաբաթով։ Սակայն երկու օր անց ամեն ինչ փոխվեց։ Իրանում սկսվեցին զանգվածային բողոքներ։ Եվ նրանց համար որոշումն ակնհայտ դարձավ՝ նրանք չեն վերադառնա։

«Մանկուց ծնողներս ասում էին՝ սովորեք ու հեռացեք երկրից»,— ասում է Ազադը։ Նա էլ տարիներ առաջ էր բացահայտել Հայաստանը։
«Կարծես ծանր բեռը հանկարծ ընկավ վրայիցս։ Կարծես թոքերս վերջապես շնչեցին»,— ասում է նա՝ ժպտալով։ «Ազատության մաքուր օդը»։
Մնալու փորձ
Ռահան ջերմությամբ է խոսում մարդկանց մասին։
«Այստեղ մարդիկ անմիջական են և բարի։ Նրանց ժպիտները անկեղծ են»,— ասում է նա։ Նրան նաև զարմացրել է մշակութային նմանությունը․ «Երբեմն թվում է՝ Իրանի մի հատվածում եմ»։
Բայց իրականությունը շուտով զգացնել տվեց։ Ռահան դժվարությամբ է աշխատանք գտնում։
«Առաջարկեցին մեկ ամսվա աշխատավարձ՝ երեք ամսվա աշխատանքի դիմաց», - ասում է նա։
Նրա համար սա արդեն գոյատևման հարց է. «Ես ուզում եմ բացել թևերս, որոնք մանկուց փորձում էին կտրել։ Ուզում եմ ճանապարհորդել, աշխարհը տեսնել ազատորեն»։

Հայաստանը կամուրջ է
Լեյլին բացում է պատուհանը։ Մարտի ցուրտը դեռ օդում է։
«Պատկերացրու՝ թողնում ես ամեն ինչ։ Գալիս ես մի երկիր, որը գրեթե չես ճանաչում։ Փորձում ես նորից սկսել՝ ընկերներ գտնել, աշխատանք… ու միաժամանակ սպասում ես լուրերի հայրենիքից։ Չգիտես՝ ընտանիքդ ապահով է, թե ոչ»։
«Կարծում եմ՝ մենք՝ իրանցիներս, ծնված ենք պայքարելու համար…»
Երևանում Լեյլին այլևս չի կրում գլխաշոր։ Ազատ երգում է, նստում է փողոցում, ծխում՝ առանց վախի։ Խմում է գինի ու վիսկի՝ պարզապես հաճույքի համար։ Նրա սիրելիները հայկական գինիներն են՝ Karas և Nardvan։

Բայց նրանցից ոչ մեկի համար Հայաստանը վերջնական կանգառ չէ։ Դա կամուրջ է դեպի Արևմուտք։ Նրանք բոլորն ունեն նույն երազանքը՝ մի օր հասնել Գերմանիա։
Մինչ այդ նրանք այստեղ գտել են մի կարևոր բան՝ փխրուն, բայց իրական խաղաղություն։
Լեյլին գրում է մի գրառման մեջ․ «Մենք պատմության շրջադարձերում շատ բան ենք կորցրել, բայց միշտ վերածնվել ենք մոխիրներից»։
Մի բան, որը շատ ծանոթ է Հայաստանին. նա գիտի՝ ինչ է կորուստն ու դիմադրությունը։












