Գլխավոր Լրահոս

Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրությունը 100 օրում ընդգրկել է 1.7 մլն մարդու

Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրությունը 100 օրում ընդգրկել է 1.7 մլն մարդու

Սիրանուշ Ադամյան

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը 100 օրվա ընթացքում ընդգրկել է շուրջ 1,7 մլն շահառու, իսկ ապահովագրական հիմնադրամի ծախսերը կազմել են մոտ 40 մլրդ դրամ, ՍիվիլՆեթին երեքշաբթի տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ համակարգի մեկնարկը եղել է սահուն, իսկ շահառուների թիվը շարունակել է աճել նաև առաջին եռամսյակում։ «Մեր շահառուների թիվն արդեն հասել է 1,7 մլն-ի»,– ասել է նա՝ հավելելով, որ ակտիվություն է նկատվում նաև անհատ ձեռներեցների շրջանում, որոնցից արդեն մոտ 5000-ը կամավոր միացել է համակարգին։

Առաջին երեք ամիսներին զգալի աճ է գրանցվել նաև դիմելիության առումով։ Մարտի 31-ի դրությամբ՝ 614,000 քաղաքացի արդեն օգտվել է ապահովագրության ծառայություններից, իսկ այցերի ընդհանուր թիվը հասել է միլիոնների։ «Սա նշանակում է, որ մեր շահառուների ամեն երրորդն այս կամ այն չափով արդեն օգտվել է համակարգից»,– նշել է Ավանեսյանը։

Ֆինանսական առումով նախարարությունը արձանագրում է, որ համակարգը գործում է կանխատեսված շրջանակներում։ «Առաջին եռամսյակի արդյունքներով կարող ենք փաստել, որ մեր կանխատեսումները ճիշտ էին, և մենք տեղավորվել ենք ապահովագրական հիմնադրամի առաջին եռամսյակի բյուջեի շրջանակներում»,– ասել է նա՝ նշելով, որ ծախսը կազմել է մոտ 40 մլրդ դրամ։

Ծառայությունների ծավալի աճին զուգահեռ փոխվել է նաև դրանց կառուցվածքը։ Առաջին երեք ամիսներին ապահովագրության շրջանակում արդեն իրականացվել է 67,000 վիրահատություն, ինչը, ըստ նախարարի, շատ մեծ թիվ է։ Նրա խոսքով՝ համակարգը միտված է նվազեցնել երկարատև հոսպիտալացումները և մեծացնելու կանխարգելիչ բուժման դերը։

Փոխվել է նաև բժշկական աշխատողների վարձատրության համակարգը։ Մոտ 60 պետական բուժհաստատություններում ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը աճել են 20-40 տոկոսով, իսկ որոշ նեղ մասնագետների դեպքում՝ կրկնապատկվել կամ եռապատկվել։ «Մարտին բժիշկներն արդեն ստացել են իրենց բարձրացված աշխատավարձերը, ընդ որում՝ ավելին, քան նախկինում»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ համակարգը նաև խթանել է մարզային առողջապահական հաստատությունների զարգացումը։ Կառավարությունը նախորդ տարեվերջին շուրջ 5 մլրդ դրամի սարքավորումներ է ձեռք բերել, որոնք կուղղվեն մարզային բժշկական կենտրոնների վերազինմանը։ «Մարզային բժշկական կենտրոնները նույնպես իրենց կարողություններով պատրաստ էին և կարողացան ընդունել պացիենտների մեծ հոսք»,– ասել է Ավանեսյանը։

Չնայած եվրոպական մի շարք երկրներում նման համակարգերը հանգեցրել են հերթերի կուտակման, Հայաստանում սպասման ժամկետները, նախարարի խոսքով, առայժմ կառավարելի են։ «Պլանային միջամտությունների հերթը մեկից երկու շաբաթ է, առավելագույնը՝ մեկ ամիս»,– նշել է նա։

Առաջիկա փուլում կառավարությունը նախատեսում է շարունակել համակարգի զարգացումը՝ հատկապես թվայնացման և շուկայի կարգավորման ուղղություններով։ Նախատեսվում է, որ 2027-ի հունվարի 1-ից կներդրվի ամբողջությամբ թվայնացված համակարգ, որը կբացառի կրկնակի վճարումները և կսինխրոնիզացվի հարկային և ապահովագրական տվյալների հետ։ 

Ավանեսյանի խոսքով՝ ապահովագրության ազդեցությունը կդրսևորվի նաև երկարաժամկետ առողջապահական ցուցանիշներում և կապահովի հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերում և մահացության նվազում, ինչպես նաև ավելի ճշգրիտ տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում