Վարչապետը բանակում արձանագրվող ինքնասպանությունների հիմնական պատճառը համարում է հասարակության շրջանում հոգեբանական դիմակայունության պակասը, որի արմատները հասնում են մինչև մանկապարտեզ և դպրոց։
«Երբ որ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշմանը։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,- ապրիլի 18-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը։
Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով Անվտանգության խորհրդի վերջին նիստում հրահանգվել է առանձնացնել և բազավորել ապացուցված ինքնասպանությունների բոլոր դեպքերը։ Վարչապետի խոսքով՝ այս տվյալների հավաքագրումը թույլ կտա ուսումնասիրել զինվորների կյանքում առկա այն կրկնվող հատկանիշները և ընտանեկան պայմանները, որոնք աննկատ են մնում սովորական վիճակագրության մեջ։
«Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասել՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունը, և այդ դեպքում գուցե մենք հասցեական մոտենանք խնդրին»,- հավելել է վարչապետը։
Անդրադառնալով վերջին ողբերգական դեպքին՝ գործադիրի ղեկավարը փոխանցեց զեկույցների տվյալները, համաձայն որոնց՝ զինծառայողը զորամասում խնդիրներ չի ունեցել։ Նախքան դեպքը նա թույլտվություն է ստացել և այցելել նախկինում ինքնասպան եղած հարազատի գերեզմանին, իսկ կատարվածի համար մանրամասն նամակով ներողություն է խնդրել ծնողներից ու հարազատներից և ինքնասպանություն է գործել:
«Նկատի ունեմ՝ մենք անընդհատ գնում ենք տեխնիկական լուծումների, բայց դեպքեր ենք ունեցել, որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել։ Զենքը հանձնելու պրոցեսում հենց տեսախցիկի և ուրիշների աչքի առաջ ինքնասպանություն էր գործել․ այդ գործողությունը վայրկյաններ է տևում»,- հայտնել է վարչապետը:
Ամփոփելով կրթական համակարգի բացթողումները՝ վարչապետը փաստել է, որ փոքրաթիվ աշակերտներով ուսումնական հաստատություններում կղզիացած միջավայրը խոչընդոտում է լիարժեք սոցիալականացմանը։ Արդյունքում, դպրոցն ավարտելիս երեխաների մոտ վախ է առաջանում մեծ աշխարհ դուրս գալուց, քանի որ նրանք մեծամասամբ զրկված են եղել բնականոն կոնֆլիկտների միջոցով անհատականությունը հղկելու հնարավորությունից։
«Մենք երեխային պահում ենք 10 տարի 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրեն բաց ենք թողում 7 կամ 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհ։ Տարբեր իրադրություններ պետք է լինեն, հազար ներողություն, կոնֆլիկտային, տհաճ իրավիճակներ պետք է լինեն, որ անհատականությունը հղկվի»,- նշել է վարչապետը։
2026-ի 4 ամսվա ընթացքում 5 մահվան դեպք է գրանցվել բանակում՝ խաղաղ պայմաններում:










