Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 մլն դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում պետություն-մասնավոր ձևաչափով հերթական ռազմավարական ներդրումն անելու կապակցությամբ»,- գրել է նախարարը։
Ամերիկյան Firebird ընկերությունը և Միացյալ Նահանգների կառավարությունը փետրվարի 10-ին հայտարարել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների զարգացման մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին, ինչը երկիրը, ըստ նախաձեռնության հեղինակների, կդասի աշխարհի նմանատիպ հինգ խոշորագույն կլաստերների շարքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։












