Գլխավոր Լրահոս

Վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խոր վայրէջքի մեջ են․ Արամ Ա

Վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խոր վայրէջքի մեջ են․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն համազգային համագումարի մասնակիցներին ուղղված իր հայտարարության մեջ ահազանգել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգային ճգնաժամի և ազգային արժեհամակարգի նահանջի մասին՝ կոչ անելով արմատապես վերանայել սփյուռքյան կառույցների գործելաոճն ու ձևավորել պետական քաղաքականությունից անկախ, բայց հայրենանպատակ համասփյուռքյան օրակարգ։ Հայրապետը շեշտել է, որ գլոբալիզացվող աշխարհում հայկական ինքնության պահպանումն ու սփյուռքի ներուժի արդյունավետ կիրառումը պահանջում են անհապաղ ինքնաքննություն և հեռացում հնացած կարծրատիպերից, քանի որ ներկայիս մարտահրավերներն ունեն գոյաբանական բնույթ։

«Մեր խոսքն ուզում ենք սկսել մի հարցադրմամբ, որը պետք է դառնա համագումարի մոտեցումների ու արժևորումների մեկնակետն ու մղիչ ուժը. «ո՞ւր է այսօր սփյուռքը՝ ինքն իր, Հայաստանի և մեր ազգի ընդհանրական տագնապների ու իդեալների հարաբերակցությամբ»։ Իրապաշտ ինքնահայեցողությունն ու առարկայական ինքնաքննությունը, հեռու զգացմունքային ու միակողմանի դատողություններից, էական նշանակություն ունեն մեր դիմագրաված խնդիրների ու մարտահրավերների ճիշտ ախտորոշումը կատարելու և համապատասխան ուղեգիծ ճշտելու համար»,- ասել է Արամ Ա-ն։

Անդրադառնալով պատմական համատեքստին՝ Վեհափառ հայրապետը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին, կուսակցություններն ու միությունները վճռորոշ դեր են խաղացել համայնքների կազմակերպման և ազգային պահանջատիրության հետապնդման գործում, սակայն այսօր սփյուռքը կանգնած է նոր իրականության առջև։ Ըստ նրա՝ 2023 և 2024-ի հռչակումը որպես սփյուռքի վերակազմակերպման տարիներ պայմանավորված էր հենց այն մտահոգությամբ, որ մաշված մտածելակերպով հնարավոր չէ նոր սերնդին հաղորդակից դարձնել ազգային իդեալներին։ Հայրապետը փաստել է, որ սփյուռքը երբեք չի ունեցել սեփական ուրույն օրակարգը, ինչն այժմ դառնում է հրամայական՝ համահայկական նպատակներն ամբողջացնելու տեսանկյունից։

«Սփյուռքը երբեք չի ունեցել իր ուրույն օրակարգը՝ բացառությամբ Ապրիլի 24-ի և ճակատագրական պահերին համայնքային պատասխանատուների միջև տեղի ունեցող հավաքական խորհրդակցություններից ու միացյալ հայտարարություններից։ Համասփյուռքյան օրակարգի ձևավորումն ու մտածողության մշակումը, պահպանելով հանդերձ դրանց յուրահատկությունը, անհրաժեշտ ենք համարում, և դրանք պետք է դառնան համահայկական օրակարգի ու մտածողության անքակտելի ու լրացնող մասը»,- ասել է Արամ Ա-ն։

Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ Արամ Ա-ն քննադատել է անցնող տասնամյակների ընթացքում որդեգրված մակերեսային մոտեցումները՝ նշելով, որ գործակցությունը սահմանափակվել է բարեգործությամբ ու զբոսաշրջությամբ՝ չվերածվելով ռազմավարական քաղաքական կամ տնտեսական գործընկերության։ Նա ընդգծել է, որ պետությունը չի կարողացել պատշաճ գնահատել և օգտագործել սփյուռքի քաղաքական կշիռն ու ներուժը, իսկ վերջին տարիներին այդ հարաբերությունները հայտնվել են խոր անկման մեջ։ Որպես հիմնական պատճառ հայրապետը մատնանշել է Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքական կուրսը, որը բնորոշել է որպես ապազգային և վտանգավոր։

«Վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խոր վայրէջքի մեջ են։ Պատճա՞ռը. Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությունն է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, որն առանց վարանելու կարելի է բնորոշել որպես ապազգային, անհեռատես ու վտանգավոր։ Այսօր, փաստորեն, հայ ժողովրդի արժեհամակարգն սկսել է խարխլվել՝ հենց այն պաշտպանելու կոչված պետության կողմից»,- ասել է Արամ Ա-ն։

Հատուկ շեշտադրմամբ անդրադարձ է կատարվել ազգային խորհրդանիշերի և պատմական հիշողության թիրախավորմանը։ Կաթողիկոսը մտահոգություն է հայտնել իշխանությունների կողմից իրականացվող այն քաղաքականության վերաբերյալ, որը փորձում է մոռացության տալ Ցեղասպանությունը, Արարատը փոխարինել Արագածով և Արցախի հարցը համարել փակված էջ։ Ըստ նրա՝ նման մոտեցումները, ինչպես նաև եկեղեցին որպես սոսկ պետական կառույց դիտարկելու փորձերը, սփյուռքում հուսախաբություն և անտարբերություն են սերմանում։ Ավելին, նա մեղադրել է իշխանություններին սփյուռքի ներսում բաժանարար գծեր ստեղծելու և բևեռացումներ հրահրելու մեջ, ինչը հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի գործելաոճը։

Ապագա ռազմավարության համատեքստում Արամ Ա-ն առաջնահերթ է համարել հետցեղասպանության և նորագույն սփյուռքների ներդաշնակումը՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առանցքային դերը։ Նա պարզաբանել է, որ սփյուռքի կյանքը պետք է լինի հայրենանպատակ, բայց ոչ հայաստանակենտրոն՝ պահպանելով ներքին կյանքին չմիջամտելու սկզբունքը։ Վերջում հայրապետը կոչ է արել վերանայել ազգային պահանջատիրության և Արցախի հարցում որդեգրված մարտավարությունը՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների լույսի ներքո, և համադրել սփյուռքի անելիքը հզոր պետություն ու բանակ կերտելու համազգային տեսլականի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում