Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Սիմոնյան

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Սիմոնյան

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա գործընթացը՝ օգտագործելով իր լոբբինգն ու ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ», «Ակոս», «Մարմարա» պարբերականներին և «Լույս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Որովհետև, մի կողմից, Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես այդ հարաբերությունների գերին լինի։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ականատես կլինենք սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Երկու կողմերից էլ ամեն ինչ արվել է։ Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ շատ բան չունեն ասելու. վեճեր չկան։ Կրկնում եմ, սա գալիս է լոբբինգից։ Թուրքիան այս ազդեցության գերին է»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը մեկնաբանել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի արած հայտարարութունը, ըստ որի՝ օրակարգում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափում Հայաստանի ներգրավման հարցը։  

Անուղղակիորեն հաստատելով երկխոսության առկայությունը՝ Սիմոնյանը փաստել է, որ գործընթացը դեռևս ամիսներ առաջ իր կողմից սկսված նախաձեռնության շարունակությունն է: 

«Մոտ 1,5-2 տարի առաջ ես նամակներ եմ հղել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի Ազգային ժողովների նախագահներին։ Ես անձամբ հանդիպել եմ Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ՝ տեղեկացնելով նրանց նամակի մասին և սպասելով նրանց պատասխաններին։ Մեկուկես տարի անց ես դրական անակնկալ ունեցա. Թուրքիայից պարոն Քուրթուլմուշը հայտարարեց, որ նմանատիպ նախաձեռնություն է սկսել։ Սակայն սա մնում է միջխորհրդարանական համագումարի մակարդակում, կարծում եմ՝ մենք լիազորություն չունենք միջամտելու գործադիր իշխանության տիրույթին»,- նշել է Սիմոնյանը։

Խոսելով սահմանների բացման հարցի ձգձգման և տարածաշրջանային համագործակցության այլընտրանքների մասին՝ ԱԺ նախագահը դրական է գնահատել այս միջխորհրդարանական ձևաչափը՝ ընդգծելով հարևանների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը։ 

«Կարծում եմ՝ այս զարգացումը միջանկյալ քայլ է, որն արվել է սահմանի բացման վերաբերյալ որոշման տևական ձգձգման պատճառով։ Ես ողջունում եմ դա և հայտնում իմ երախտագիտությունը։ Հայաստանը չի կարող մեկուսացված լինել տարածաշրջանից. մենք պետք է պատրաստ լինենք մեր խնդիրների ու հարցերի շուրջ ուղղակիորեն բանակցել մեր հարևանների հետ»,- ասել է Հայաստանի ԱԺ նախագահը։

Խոսելով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունների մասին, Սիմոնյանը նշել է, որ հստակ չգիտի, թե այս հարցում ինչ է ակնկալում Անկարան Երևանից։ 

«Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել։ Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Մենք բանակցեցինք համաձայնագրի շուրջ. դա բարդ և տևական գործընթաց էր, բայց մենք համաձայնության եկանք 17 կետի շուրջ, հանդիպեցինք այն նախաստորագրելու համար, սեղմեցինք միմյանց ձեռքեր, և, միևնույն է, ոչինչ չստացվեց»,- ասել է Սիմոնյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում