Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր պաշտոնապես հաստատել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքից։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս առաքելությունը նպատակ ունի աջակցել Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների դեմ պայքարում, որոնք ներառում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները (FIMI), կիբերհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը։ EUPM Armenia-ն տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն և իրականացնելու է կարողությունների զարգացում տարբեր նախարարությունների ու ազգային հաստատությունների համար՝ նպաստելով այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք կհասցեագրեն հասարակության և պետական կառույցների առջև ծառացած մարտահրավերները՝ միաժամանակ խթանելով կառավարության համապարփակ և հորիզոնական մոտեցումը։
Բացի ռազմավարական աջակցությունից, առաքելությունը կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կներառի հատուկ նախագծային խումբ, որը պատասխանատու կլինի առաքելության մանդատի շրջանակներում կոնկրետ գործողությունների բացահայտման և իրականացման համար՝ սերտորեն համագործակցելով համախոհ գործընկերների հետ։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը շեշտել է, որ հայ ժողովուրդն այսօր առերեսվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների, ուստի առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կապահովի փորձագիտական աջակցություն և հրատապ գործողությունների մշտադիտարկում, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ միայն Հայաստանի քաղաքացիները որոշեն իրենց երկրի ապագան։
EUPM Armenia-ն կունենա երկու տարվա նախնական մանդատ, իսկ դրա օպերատիվ շտաբը կտեղակայվի հենց Հայաստանում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական գործողությունների շտաբի տնօրեն Ստեֆանո Տոմատը կստանձնի քաղաքացիական գործողությունների հրամանատարի պարտականությունները՝ իրականացնելով ռազմավարական ղեկավարում Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի վերահսկողության ներքո, իսկ տեղում գործողությունները ղեկավարող առաքելության պետը կնշանակվի մոտ ժամանակներս։
Այս նոր առաքելությունը հիմնված է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին հաստատված ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա, որը նոր էջ է բացում անվտանգության և պաշտպանության ոլորտներում հարաբերությունների խորացման համար։ Հարկ է նշել, որ EUPM Armenia-ն տեղակայվում է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և հանդիսանում է երկրորդ քաղաքացիական առաքելությունը՝ գործելով 2023 թվականին հիմնված ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA) անկախ, որի գործառույթը սահմանամերձ գոտում իրավիճակի դիտարկումն ու վստահության ամրապնդումն է։
Լուսինե Վարդանյան











