Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանին, Բաքվում գերիներին այցելելու մանդատ չունի

ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանին, Բաքվում գերիներին այցելելու մանդատ չունի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում հայ բանտարկյլաներին այց կազմակերպելու կոչին՝ նշելով, որ այդ գործառույթը իր ղեկավարած կառույցի լիազորությունների մեջ չէ։ 

Հայտարարությունում նշվում է, որ ՄԻՊ լիազորությունները «տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։

Բաքվում 2023-ից ազատազրկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկուշաբթի ընտանիքի միջոցով կոչ էր ուղղել Հայաստանի ՄԻՊ-ին։ Վարդանյանը կոչ էր արել այց կազմակերպել Բաքվում ազատազրկված հայ գերիներին և նշել, որ հանդիպում է ունեցել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ։ «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»,- նշված է Ռուբեն Վարդանյանի՝ Մանասյանին ուղղված հրապարակային նամակում։ 

Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ պայմանավորվածության մասին Մանասյանի տարածած հայտարարությունում նշվում է, որ «տարակուսած են», քանի որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ Ադրբեջանի օմբուդսմենի հետ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։

«Հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով»,- նշված է Անահիտ Մանասյանի հայտարարությունում։

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը 2020-ի պատերազմից հետո` 2022-23 թվականներին, կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետական նախարարի պաշտոնը: Նա ձերբակալվել է Ադրբեջանի կողմից 2023-ի հոկտեմբերին՝ Արցախի դեմ իրականացված հարձակումից և էթնիկ զտումից հետո։ 

Այս տարվա փետրվարին Վարդանյանը Բաքվում դատապարտվել է քսան տարվա ազատազրկման ադրբեջանական բանտում՝ ահաբեկչության ֆինանսավորում, անօրինական զինված խմբերի ստեղծում և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։  

Նույն ամսին Ադրբեջանը դատապարտել է նաև Ղարաբաղի նախկին յոթ այլ ղեկավարների, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ։ Միայն երկուսը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են խուսափել ցմահ ազատազրկումից՝ ստանալով քսան տարվա պատժաչափ։

Հունվարին Ադրբեջանը Բաքվում ազատազրկված հայերից ազատել էր չորս քաղաքացիական անձի։ 

Ներկայում Բաքվում հայ բանտարկյալների թիվը պաշտոնապես 19 է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում