Առաջիկայում կներկայացվի կենսաչափական նոր անձնագրերի դիզայնը․ վարչապետ

Առաջիկա օրերին տեղեկատվություն կներկայացվի նոր կենսաչափական անձնագրերի դիզայնի մասին։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք արդեն ավարտում ենք կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը հայտնել է, որ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման պահից կամ դրանից մեկից երեք ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցակետերն անցնելիս որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։
«Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն, սարքերի վրա կանաչ լույսը կվառվի, և իրենք կանցնեն. մի տեխնոլոգիա, որ կիրառվում է արդեն աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք արդեն այդ համակարգերը կունենանք «Զվարթնոց» օդանավակայանում, ապա նաև մեր սահմանային անցման կետերում՝ Բագրատաշենում, Ագարակում, Բավրայում, Գոգավանում։ Հույս ունեմ՝ Մարգարան էլ կբացվի, և այնտեղ նույնպես կունենանք, և մյուս բացվելիք սահմանային անցման կետերում էլ կունենանք»,- նշել է Փաշինյանը։
***
2025-ի մայիսին ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան: 2026-ի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։











