«Հայաստանի քաղաքացիները ևս մեկ քայլով մոտեցան Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությանը»,- սոցցանցերում գրել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրերը կարագացնեն սահմանային ստուգումները և կհեշտացնեն ճանապարհորդությունը։
«Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման ուղին, իսկ մենք աշխատում ենք, որ այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ տա Հայաստանի քաղաքացիների համար»,- գրել է Կոսը։
Տե՛ս նաև՝ Նոր անձնագիր, հին պարտավորություն․ արդյոք ՀՀ քաղաքացիները զրկվո՞ւմ են պետության պաշտպանությունից
Հայաստանում հոկտեմբերի 31-ից մեկնարկել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման նախագրանցումները։
Այս համակարգի ներդրման գործընթացը մեկնարկել է 2023-ին։ Բարեփոխման նպատակն է արդիականացնել անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ենթակառուցվածքները, բարձրացնել փաստաթղթերի և անձնական տվյալների պաշտպանվածությունը, ինչպես նաև բարելավել քաղաքացիների սպասարկման որակը։ 2025-ի ապրիլին պետությունը պայմանագիր է ստորագրել միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումի հիմնադրած «Հայփաս» ընկերության հետ։
Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը նաև Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի պահանջներից է։ Այդ գործընթացը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերի 9-ին, իսկ 2025-ի նոյեմբերին Հայաստանը ստացել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում է միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ կենսաչափական փաստաթղթերի ներդրում։ Բոլոր պահանջների կատարումը պետք է ճանապարհ բացի ԵՄ-ի հետ կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի ռեժիմի հաստատման համար։












