Նոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է դարձել կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նոր ծառայության շնորհիվ փաստաթղթերը ստանալու հրատապ անհրաժեշտություն ունեցող քաղաքացիները դրանք կարող են ձեռք բերել զգալիորեն կարճ ժամկետներում։ Երևանում անձնագիր կամ ID քարտ հնարավոր կլինի ստանալ 24 ժամվա, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում, ընդ որում՝ հաշվարկում շաբաթ և կիրակի օրերը չեն ներառվում։
Արագացված կարգով փաստաթուղթ ստանալու համար, բացի սահմանված պետական տուրքից, անհրաժեշտ է վճարել նաև հավելավճար։ Այսպես, նույնականացման քարտի դեպքում 5 950 դրամ հիմնական վճարին կավելանա 8 000 դրամ, և ծառայության ընդհանուր արժեքը կկազմի 13 950 դրամ։ Կենսաչափական անձնագրի դեպքում 28 650 դրամին կավելանա 60 000 դրամ, ինչի արդյունքում արագացված կարգով անձնագիր ստանալն ընդհանուր կարժենա 88 650 դրամ։
Խոսնակի փոխանցմամբ՝ արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիների համար նախատեսված է նաև առաջնահերթ սպասարկում։
Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման առցանց նախագրանցումը մեկնարկել է հոկտեմբերի 31-ից:












