«Ականատես» դիտորդական առաքելությունն ապրիլի19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբի՝ «Վարչաբենդի» համերգին հանդիսականների ուղղորդված մասնակցություն է արձանագրել: Առաքելության համակարգող Մերի Մինասյանի փոխանցմամբ՝ Գյումրիում աշխատող դիտորդներն իրենց նկատածը նաև մի քանի աղբյուրից են ճշտել ու հաստատում ստացել:
«Ուղիղ դիտորդության միջոցով է իրականացվել: Մենք ունեինք տարբեր դիտորդներ՝ 4-5, ովքեր հետևել են այդ միջոցառմանը, մինչև անգամ սկսվելը՝ ինչպես են մարդիկ հավաքվել, ովքեր են եկել, և որոշակի աղբյուրներից արդեն այդ տեղեկատվությունն ստացվել է, հենց նաև դիտորդների ու այլ անոնիմ աղբյուրների միջոցով ևս: Այսինքն՝ մի քանի աղբյուրից ունենք այդ տեղեկատվությունը միջոցառմանը մարդկանց կազմակերպված մասնակցության վերաբերյալ», - «Ազատությանն» ասել է Մինասյանը:
Ըստ դիտորդների՝ Գյումրիին մերձակա Ախուրյան համայնքի դպրոցների մանկավարժներին, նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարանների աշխատակիցներին եղել է հրահանգ: Հստակ նշվում է, թե ուղղորդումը որտեղից է եղել:
«Գյումրիի հրապարակի վրայի գրասենյակից։ Այն տեղեկատվությունը, որը հաստատված է, վերաբերել է Ախուրյան համայնքի ենթակայությամբ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններին և դպրոցներին, ու հրահանգվել է հենց կուսակցության գրասենյակի կողմից ապահովել մասնակցությունը այդ միջոցառմանը», - նշել է Մերի Մինասյանը։
Կուսակցության գրասենյակից Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պնդմամբ՝ Գյումրիի գրասենյակը Ախուրյան համայնքի հետ կապ չունի: Առուշանյանը, որ Շիրակում նաև իշխող ուժի նախընտրական շտաբի պետն է, առհասարակ բացառեց ուղղորդումը:«Աղմուկի իմաստը չեմ հասկանում, մեկը գրում է՝ մարդ չկար հրապարակում, մյուսը գրում է, որ հրապարակ մարդիկ էին բերել, կողմնորոշվեն թող», - ասել է նա:
«Ականատես» դիտորդական առաքելությունը, ամփոփելով իր բացահայտումը, հայտարարել է, որ կրթական հաստատությունների աշխատողների կամքի վրա ազդելու նպատակով քաղաքական լծակների կիրառումը խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարության սկզբունքներին։ Չնայած այս հանգամանքին, իրավապահներին հաղորդում չեն ներկայացրել:
«Յուրաքանչյուր դեպքի հետ կապված մեր իրավաբանական թիմը վերլուծում է, փորձում ենք հասկանալ՝ ինչ իրավական հիմքեր ունենք հաղորդում ներկայացնելու համար կամ համապատասխան, օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ-բողոքներ ներկայացնելու համար։ Կոնկրետ այս դեպքում մենք ոչ մի տեղ հաղորդում չենք ներկայացրել։ Մի քիչ ավելի չկարգավորվող դաշտում է սա», - նշել է Մինասյանը:
«Ազատությունը» զրուցել է նաև Ախուրյան համայնքի 3 դպրոցներից 2-ի տնօրենների հետ: Անահիտ Մազմանյանն ասաց, որ ինքը տեղյակ էլ չի եղել, քանի որ վատառողջ է եղել, իսկ մյուս դպրոցի տնօրեն Հայկ Ռուշանյանը հաստատեց, որ իրենց դպրոցից մասնակցել են համերգին, ինքը՝ ևս, բայց առանց ուղղորդելու ու պարտադրանքի:
«Նման ուղղորդումներ չեն եղել, բնականաբար: Ոչ աշխատանքային օր է եղել, մասնակցել են մեր մանկավարժներից, մեր աշխատակիցներից, նաև ծնողների իրենց երեխաների հետ», - ասել է նա:












