Եթե Հայաստանը համարում է, որ ռուսաստանյան ռազմաբազան իրեն պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Այս մասին սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ ընդգծելով Մոսկվայի պատրաստակամությունը պահպանել ռազմական ներկայությունը, եթե հայ ժողովուրդն այդպիսի ցանկություն ունենա։
«Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ իր կողքին լինի ինչ-որ ռուսական ռազմական թև, ապա մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է Պուտինը:
Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան, որն ընդգրկում է երկու կայազոր Գյումրիում և Երևանում, գործում է միջպետական պայմանագրերի հիման վրա և նախատեսված է հանրապետության արտաքին անվտանգային սպառնալիքները զսպելու համար։ Վերջին շրջանում կողմերը պարբերաբար անդրադարձել են բազայի կարգավիճակին. մասնավորապես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին հայտարարել էր բազայի գործունեությանը վերաբերող որևէ փոփոխության պլանների բացակայության մասին և Ռուսաստանին որակել որպես մտերիմ գործընկեր։












