«Լելե Թեփե» գործ. վկան բացառեց հրամանատարների՝ օպերացիան ձախողելու դիտավորությունը

Աջից կանգնածը՝ Էդգար Խանամիրյանն է
2020-ի Ղարաբաղյան պատերազմում հարավային ուղղությամբ տապալված գործողության՝ «Լելե Թեփեի» գործով վկա, տանկի հրամանատար Էդգար Խանամիրյանը բացառում է, որ զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը կամ գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը կարող էին դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարել, որ տանկերը տեղ չհասնեին կամ օպերացիան ձախողվեր։ Այս մասին Խանամիրյանը հայտարարեց ապրիլի 22-ի դատական նիստի ժամանակ։
Լելե Թեփեի հակահարվածի մասին
2020-ի հոկտեմբերի 3-ից Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Հոկտեմբերի 7-ին ձախողված հակահարձակողական օպերացիան հետագայում հայտնի դարձավ «Լելե Թեփեի օպերացիա» անվամբ։
Այդ գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
Ապրիլի 22-ին Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվեց 2020-ի հոտկեմբերի 7-ին բանակային հակահարվածի գործով դատաքննությունը։ Վկան մանրամասներ հայտնեց երթի, տեխնիկական խնդիրների և հակահարվածի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին իրականացված գործողության վերաբերյալ։
Վեցժամյա երթ և հրամանատարների դիտավորության բացառումը
Էդգար Խանամիրյանը «Հոկտեմբերյանում» վեց ամիս ուսումնական կենտրոնում ծառայելուց հետո, տեղափոխվել է Ստեփանակերտի «Ցոր» և նշանակվել տանկի հրամանատար, որտեղ և տեխնիկայի շահագործման որոշակի գործնական հմտություններ է ձեռք բերել։ Նա մեկ տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ վկան նշեց, որ երթը տևել է առնվազն 6 ժամ, երբ նրանք նստեցման շրջանից (Աղդամ, Ասկերան) տեղափոխվել են Հադրութի շրջան հակահարված իրականացնելու համար։
Հարցին, թե արդյոք հոգնածությունից քնել է տանկի մեջ, Խանամիրյանը հստակ չպատասխանեց, բայց հաստատեց, որ հանգստի համար ժամանակ չի տրվել։ Նա պատմեց, որ կապի միջոցները տեղանքի պատճառով ընդհատումներով էր աշխատում։
Տեխնիկան նորմալ էր, խնդիրները լուծեց Արթուրը, որը հետո զոհվեց
Վկան ասաց, որ մինչև երթը իրեն ամրակցված տանկը սարքին վիճակում էր։ Սակայն երկարատև երթի ժամանակ, նախատեսված վայր չհասած, տեխնիկայի հետ լուրջ խնդիրներ են առաջացել։ ։
«Աշտարակս չէր շարժվում, մեխանիկի լյուկը «ստուպր» էր ընկել, չէր կարողանում փակել, էդ պատճառով զեկուցեցինք, որ այսպիսի խնդիր կա»,- դեպքերը նկարագրեց վկան։
Խանամիրյանի խոսքով՝ իրենց օգնության է հասել զորամասի տեխնիկը՝ Արթուրը, որը մոտ 3-4 ժամ աշխատել է տանկի վրա։
«Իր օգնությամբ խնդիրը լուծեցինք, բայց արդեն ուշ էր»,- ասաց վկան, նշելով, որ Արթուրը հետագայում զոհվել է։
Ըստ վկայի՝ տեխնիկայի խափանումը տեղի էր ունեցել «9-րդ կիլոմետր» տեղամաս չհասած, որտեղից պիտի մեկնարկեր օպերացիան։ Ըստ վկայի՝ դա լիցքավորման վայրի մոտ էր՝ Տող գյուղի մոտ, բայց գումարտակի հրամանատարը հստակեցրեց, որ տանկը խափանվել Քոչբեկում (Այգեստան, որը գտնվում է Հադրութ քաղաքի և «9 կիլոմետր» տեղամասի միջև՝ վերջինից մոտ 6 կմ հեռավորության վրա)։
Ըստ Խանամիրյանի՝ երբ խնդիրը լուծվել է, արդեն «ուշ էր», նա կապ է հաստատել շտաբի պետի հետ, որը հրահանգել է մնալ տեղում։
Խանամիրյանը պատմեց, որ մութն ընկած ժամանակ Գառնիկ Մնացականյանը եկել է իրենց հետևից։
«Իմ տպավորությամբ ձեն տալով են գտել, այդպես եմ հիշում, որ ձեն էր տվել՝ Խանամիրյա՜ն, Խանամիրյա՜ն, այդպես ինչ-որ մի կետից լսվել է»,- ասաց վկան։
Վկան հիշում է, որ դրանից հետո տեխնիկան տեղափոխել են «9-րդ կմ» կոչվող տեղանք։
Ըստ մեղադրանքի՝ «Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակում, ինչից հետո փաստացի հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքը։
Մնացականյանի փաստաբան Էրիկ Բեգլարյանը վկային հարցրեց՝ լսե՞լ եք արդյոք, թե ինչ է կատարվել Մնացականյանի տանկի հետ։ Վկան պատասխանեց, որ դրա մասին իմացել է իրենց հրամանատարի հարցազրույցից։
«Որպես հրամանատար, լավ հրամանատար է եղել, գրագետ, իր գործից հասկացող, այսպենց կարող եմ բնութագրել»,- ասաց Խանամիրյանը։
Հոկտեմբերի 8-ի գործողությունը
Դատավորի հարցերին պատասխանելիս Խանամիրյանը մանրամասնեց հոկտեմբերի 8-ի իրադարձությունները, որոնք հաջորդել էին բանակային հակահարվածի ձախողումից հետո։ Ըստ վկայի՝ այդ օրը նրանք երեք տանկով մասնակցել են մարտական գործողության։
«Գնացել ենք բնագիծ, այնտեղ խրամատներ ու բլինդաժներ էին։ Հարվածել ենք հակառակորդի կրակակետերին։ Կարծում եմ՝ այդ օրվա գործողությունը հաջողված էր։ Այդ գործողությանը մասնակցել են նաև, եթե չեմ սխալվում, հետևակն ու հետևակի մարտական մեքենաները»,- ասաց վկան։
Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը բանակային հակահարվածի ձախողումից հետո հոկտեմբերի 8-ին որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ։
Գառնիկ Մնացականյանի հայտարարությունը

Աջից կանգնածը Գառնիկ Մնացականյանն է
Նիստի վերջում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Գառնիկ Մնացականյանը։ Նա պարզաբանեց, որ հոկտեմբերի 7-ի ձախողումից հետո ինքն անձամբ է շրջել և հավաքել ցրված տանկերը, այդ թվում՝ Խանամիրյանինը։
«Հաջորդ օրը՝ ամսի 8-ին, երբ Արթուր Օհանյանն արդեն վիրավոր էր, ես երեք տանկով առանձին խնդիր եմ կատարել, որին մասնակցել է նաև Խանամիրյանը։ Դա բոլորովին ուրիշ գործողություն էր և կապ չուներ ամսի 7-ի հարձակման հետ»,- շեշտեց Մնացականյանը։
Ըստ վկայությունների՝ «Ցոր»-ի տանկային գումարտակից հոկտեմբերի 7-ի օպերացիային պետք է մասնակցեր մոտ 20 տանկ, սակայն հասցրել է մասնակցել ընդամենը 9-ը՝ մնացածները ճանապարհին են մնացել։
Ավելի վաղ տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը հայտնել էր, որ պատերազմից առաջ Ստեփանակերտի զորամասը ստացել է գրավոր կարգադրություն, որ անորակ յուղի պատճառով չօգտագործեն զրահապատ տեխնիկան։ ՍիվիլՆեթին «Ցոր»-ի հրամանատարներից մեկը ժամանակին հայտնել է, որ հենց այդ անորակ յուղի պատճառով պատերազմից առաջ տեխնիկաներով ո՛չ մարտական հրաձգություններ են կատարել, ո՛չ էլ մարտական մեքենավարում։ Նա կարծիք էր հայտնել, որ դա քրեական նյութի գործ է, և այդ օպերացիային էկիպաժները պատրաստված չէին նաև այդ պատճառով։
Լելե Թեփեի օպերացիայի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին։
Տե՛ս նաև՝ Բարոյահոգեպես պատրաստ էինք, բայց տեղանքին ծանոթ չէինք. Լելե Թեփեի գործով տանկիստ վկան











