Անորակ յուղը, որը փչացրել էր տեխնիկան. Լելե Թեփեի գործով նիստից

Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի ունեցավ Լելե Թեփեի օպերացիայի գործով դատաքննություն
«Լելե Թեփեի» օպերացիայի գործով հունիսի 22-ի դատական նիստում «Ցոր» զորամասի նախկին հրամանատար, ամբաստանյալ Արթուր Օհանյանը կրկին բարձրացրեց տեխնիկայի անորակ յուղի հարցը, իսկ մեխանիկ-վարորդ Շահեն Շահինյանը մանրամասներ ներկայացրեց այդ օպերացիայի մասին։
Դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվեց բանակային հակահարվածի («Լելե Թեփեի օպերացիա») գործով դատաքննությունը։
Լելե Թեփեի հակահարվածի մասին
2020-ի հոկտեմբերի 3-ից Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Հոկտեմբերի 7-ին ձախողված հակահարձակողական օպերացիան հետագայում հայտնի դարձավ «Լելե Թեփեի օպերացիա» անվամբ։
Այդ գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
Անորակ յուղի մասին, որի պատճառով ուսումնական գործընթացը սառեցված էր, իսկ պատերազմի ժամանակ տեխնիկան խափանվեց

Նիստի ժամանակ Արթուր Օհանյանը հայտնեց, որ 2020-ի մայիսի վերջին և հունիսի սկզբին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ստացվել էր պաշտոնական գրություն, որով արգելվում էր տեխնիկայի շահագործումն ու ուսումնական գործընթացը, քանի դեռ Ռուսաստանից ներկրված անորակ յուղերը չեն փոխարինվել որակյալով։ Խնդիրը, ըստ նրա, համատարած էր թե՛ ՀՀ ՊՆ-ում, թե՛ Պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներում։
«Այդ յուղը, երբ տանկը մի քիչ աշխատում էր, փրփուր էր դառնում։ Շտաբից գրություն էր եկել, որ քանի դեռ այդ յուղերը չեն փոխարինվել որակյալով, ուսումնական գործընթաց տվյալ տեխնիկաներով չիրականացվի»,- արձանագրեց Օհանյանը։
Ըստ նրա՝ թեև մինչև սեպտեմբերի 27-ը տեխնիկան թղթերով սարքին էր համարվում, պատերազմի ժամանակ ստիպված են եղել այն շահագործել հենց այդ վիճակում։ Եվ հոկտեմբերի 7-ի երկարատև երթի ժամանակ անորակ յուղն է դարձել տանկերի շարքից դուրս գալու պատճառներից մեկը։
Դեռևս անցած տարվա օգոստոսի 11-ի նիստին Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հայտարարեց, որ պատերազմից ամիսներ առաջ զորամասը ստացել էր գրավոր կարգադրություն՝ չշահագործել տանկերն ու ՀՄՄ-ները։
Ըստ տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի՝ օպերացիային պետք է մասնակցեր ընդհանուր 35 տանկ (20-ը՝ իր գումարտակից, 15-ը՝ Իվանյանի տանկային բրիգադից), սակայն տեխնիկական խափանումների պատճառով «9-րդ կիլոմետր» է հասել իր գումարտակի ընդամենը 9 տանկ։ Իսկ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշել է, որ իրենց 22 ՀՄՄ-ներից երթի ընթացքում 5-ը խափանվել և մնացել են ճանապարհին (որոնցից 2-ը հետագայում վերանորոգվել ու միացել են զորքին)։
Երկար ու ծանր երթ. «Սառը քամին այնքան էր ազդում, որ ծնոտդ ուղղակի չէիր զգում»

Շահինյանը նկարագրեց հոկտեմբերի 6-ի լույս 7-ի երթի պայմանները, երբ իրենց նստեցման շրջանից՝ Աղդամ-Ասկերան հատվածից երթով շարժվել են դեպի Ջաբրայիլի շրջան։
Շահեն Շահինյանը վկայեց, որ իր տանկը երթի ընթացքում խափանվել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակայքում։ Թեև տեխնիկական խնդիրների պատճառով նա ստիպված է եղել կանգ առնել և սպասել վերանորոգմանը, մոտ մեկ ժամ անց հրամանատարի սպառազինության գծով տեղակալի օգնությամբ անսարքությունը վերացնելուց հետո շարունակել է երթը։
Ըստ վկայի՝ մեխանիկ-վարորդները ստիպված են եղել տանկերը վարել բաց լյուկի միջից, որպեսզի կարողանան 40 տոննայանոց տեխնիկան կառավարել։
«Մեխանիկ-վարորդները գրեթե ժամերով անդադար քշել են։ Սառը քամին այնքան էր ազդում, որ ծնոտդ ուղղակի չէիր զգում, բերանդ չէիր կարողանում փակել, ամեն մի ատամդ ձգվում էր»,- վկայեց Շահինյանը։ Նա նաև քննադատեց տեխնիկայի տեղափոխման կարգը՝ նշելով, որ տանկերը ճիշտ կլիներ տեղափոխեին հատուկ քարշակներով, «սակայն կառավարությունը դա հաշվի չէր առել», և տեխնիկան սեփական ընթացքով հարյուրից ավել կիլոմետ է անցել։
Վկան նաև պատմեց օդից սպասվող մշտական վտանգի մասին․ «Օդը շատ վատ վիճակում էր, վերևից միշտ մի վատ բան էինք սպասում։ Տղերքին ասել էի՝ լյուկերը բացեք, անպայման վերևը հսկեք, որովհետև ԱԹՍ-ի ձայնը տանկի մեջ չես լսում»։
Ջալալ Հարությունյանի հրամանը. «30 րոպեից դուրս եկեք»
Դատաքննության ընթացքում վկա Շահեն Շահինյանը հայտնեց, որ հոկտեմբերի 7-ի օպերացիայից հետո տարածք է ժամանել ՊԲ հրամանատարը և հրամայել 30 րոպեի ընթացքում տեխնիկայով դուրս գալ այդ տեղանքից: Թեև նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Ջալալ Հարությունյանը մեղադրել է գումարտակի հրամանատարին օպերացիան չկատարելու համար, դատարանում պարզաբանեց, որ զորքը հեռու է եղել և ինքը խոսակցությունը «ականջները սրած» չի լսել և չի կարող հայտնել բոլոր մանրամասները: Շահինյանը շեշտեց, որ ինքը հստակ լսել է միայն խոսակցության ամենավերջին հատվածը, երբ Հարությունյանը դիմել է բոլորին և տվել կես ժամում տարածքը լքելու կտրուկ հրամանը: Վկայի խոսքով՝ այդ հրամանից հետո տեխնիկան 30 րոպեում հանել են հնշված վայրից:
Չնայած բանակային հակահարվածի ձախողմանը, վկան պատմեց հոկտեմբերի 13-14-ի հաջողված գործողությունների մասին, երբ Մնացականյանի ղեկավարությամբ նրանք ոչնչացրել են հակառակորդի երկու հակատանկային հենակետ և մեծաթիվ կենդանի ուժ։
«Պատերազմի ողջ ընթացքում Մնացականյանը եղել է զորքի կողքին»
Տանկիստ Շահեն Շահինյանը, պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, անդրադարձավ գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի կերպարին ու նրա վարքագծին մարտի դաշտում։ Վկան շեշտեց, որ պատերազմի ողջ ընթացքում Մնացականյանը եղել է զորքի կողքին և իր անձնական օրինակով ոգեշնչել է զինվորներին։
«Ես 44-օրյա պատերազմի 40 օրը կարելի է ասել կամբատի հետ եմ եղել այդ մարտերի մեջ»,- ասաց Շահինյանը։
Ըստ մեղադրանքի՝ «Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակում, ինչից հետո փաստացի հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքը։
Էական հակասություններ՝ վկայի դատարանում տված եւ նախաքննական ցուցմունքի մեջ
Մեղադրող դատախազ Գևորգ Ավետիսյանի ներկայացրած միջնորդությունը հիմնված էր վկա Շահեն Շահինյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա մի շարք էական հակասությունների վրա, որոնք վերաբերում էին 2020-ի հոկտեմբերի 7-ի օպերացիայի առանցքային դրվագներին։ Եթե նախաքննության ժամանակ (2021-ի նոյեմբերին) վկան հայտնել էր, թե երթի ժամանակ գտնվել է առաջին վաշտի Արամայիս Գրիգորյանի տանկից առաջ և անձամբ մասնակցել է Ադրբեջանի դրոշ բարձրացրած հակառակորդի խմբավորման ոչնչացմանը, ապա դատարանում նա պնդեց հակառակը՝ նշելով, որ իր տանկը խափանվել էր դեռևս Կարմիր շուկայում, ինչի պատճառով ինքը հետ էր մնացել շարասյունից, իսկ Արամայիսի տանկը տեսել է արդեն իսկ խոցված վիճակում՝ բարձրացող ծխի տեսքով։

Այս հակասությունների պատճառ Շահինյանը նշեց 2020-ի նոյեմբերի 7-ին ստացած վնասվածքն ու ծանր կոնտուզիան, որոնք ազդել են իր հիշողության ու լսողության վրա. հավելեց նաև, որ ցուցմունք տալու ժամանակ ինքը դեռ հետվերականգնողական փուլում էր, իսկ քննիչն իր մտքերը ձևակերպել էր սեփական բառերով, որոնք չեն համապատասխանում իր բառապաշարին։
Մեղադրյալները և նրանց պաշտպանները բազմիցս առարկեցին դատախազի հարցերի դեմ՝ պնդելով, որ նա մեխանիկ-վարորդին տալիս է հարցեր, որոնք դուրս են նրա լիազորությունների շրջանակից։ Արթուր Օհանյանը շեշտեց, որ շարքային զինվորները հաճախ տեղյակ չեն լինում բարձրագույն հրամանատարության գրավոր հրամաններից և կատարում են միայն իրենց անմիջական պետի ցուցումները։
Լելե Թեփեի օպերացիայի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 14-ին։
Տե՛ս նաև՝ «Լելե Թեփե» գործ. վկան բացառեց հրամանատարների՝ օպերացիան ձախողելու դիտավորությունը
Կազմակերպություն
Իրադարձություն
Տեղադրություն











