Թուրք պրոպագանդիստը «չեղարկել» է Ապրիլի 24-ը. հայ օգտատերերը հավատացել են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Համացանցի հայկական տիրույթում ապրիլի 21-ից տարածվում է տեղեկություն, թե իբր Հայաստանի գործող իշխանությունները նախատեսում են չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները:
«Ինչպես հայտնի դարձավ ապրիլի 17-ին, ՀՀ կառավարությունը միջոցառումների փաթեթ է մշակում, որով նախատեսվում է ամբողջությամբ չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումների կազմակերպումը, որոնք ավանդաբար անցկացվել են ապրիլի 24-ին»,- ապրիլի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է դիրիժոր, հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։
Նույնաբովանդակ տեղեկություններով հոդված է հրապարակվել նաև ֆեյսբուքյան Լուրեր Հայաստան էջում` meknaban.am կայքի հղումով կցված։

Տեղեկությունը տարածվել է նաև մի շարք այլ օգտատերերի կողմից։
Մինչդեռ այս լուրերի սկզբնաղբյուրը թուրք լրագրող Օքայ Դեփրեմն է, որը վերջին ամիսներին բազմիցս կեղծ տեղեկություններ է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։ Հոդվածում ներկայացված պնդումները փաստական հիմք չունեն։
Ինչպես է տարածվել կեղծ լուրը
Օքայ Դեփրեմը ապրիլի 18-ին հրապարակել է հոդված veryansintv[.]com հարթակում, որտեղ պնդում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արմատական փոփոխությունների Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ։
Դեփրեմը հոդվածում որևէ ապացույց կամ վստահելի աղբյուր չի ներկայացնում։ Փոխարենը նշում է, թե «տարածվում են պնդումներ», համաձայն որոնց ՀՀ կառավարությունը պատրաստվում է մի շարք քայլերի՝ կապված ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նշման ձևաչափի, ինչպես նաև միջոցառումների ծավալի և բովանդակության փոփոխության հետ։
«Եթե այս պնդումները ճիշտ են, ապա ըստ ծրագրերի՝ 2027-ից Երևանում կարող են վերանայվել որոշ հանրային միջոցառումների կազմակերպման ձևաչափերը, այդ թվում՝ ամեն տարի հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացվող ավանդական երթը դեպի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր»,- նշվում է նյութում։Մինչդեռ այս ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։ Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ այցելությունը ինքնաբուխ է և չի կազմակերպվում որպես երթ պետական կամ այլ կառույցների կողմից։ Եթե խոսքը ապրիլի 23-ին անցկացվող ջահերով երթի մասին է, ապա այն ևս պետական միջոցառում չէ և կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից։
Դեփրեմը, առանց որևէ ապացույց կամ աղբյուր ներկայացնելու, գրել է, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարող է որոշ չափով վերակառուցվել․ «Կան տեսակետներ, ըստ որոնց՝ գործող «Հայոց ցեղասպանության թանգարանը» կարող է վերափոխվել մի կառույցի, որը կկրի «Հայաստանի պատմության թանգարան» բնույթ»։
Հատկանշական է, որ թեև Դեփրեմը խոսում է ընդամենը «տեսակետների» մասին, հայկական որոշ աղբյուրներ, որոնք վերարտադրել են թուրք լրագրողի նարատիվները՝ առանց նրա անունը նշելու, այս չհիմնավորված պնդումները ներկայացրել են որպես արդեն նախատեսվող և իրականացվելիք քայլեր։

Անհիմն տեղեկությունների տարածումը սոցցանցերում
Ապրիլի 20-ից Դեփրեմի հոդվածի նույնաբովանդակությամբ տեսանյութեր են սկսել տարածվել X-ում։ Տեսանյութերը՝ անգլերեն ենթագրերով և AI ձայնով, կրկնում են նույն պնդումները, որոնք ներկայացված են թուրք լրագրողի հոդվածում։
Միաժամանակ տեսանյութերում որևէ հղում չի արվում սկզբնաղբյուրին՝ լրագրող Դեփրեմին։ Փոխարենը օգտագործվում է «HY news» տարբերանշան, որը չի նույնականացվում որևէ հայտնի կամ գրանցված լրատվամիջոցի հետ։
Վերջին երկու օրում այդ տեսանյութերը տարածվել են առնվազն 15 բոտային հաշիվների կողմից, ինչը մատնանշում է բովանդակության համակարգված տարածման մասին։

Հայաստանը՝ թուրք լրագրողի թիրախում
Դեփրեմը վերջին ամիսներին պարբերաբար տարածում է անհիմն և կեղծ պնդումներ Հայաստանի վերաբերյալ։ Նա դեռ ամիսներ առաջ գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը, իբր Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։
Տես՝ «10 մզկիթ Էրդողանի խնդրանքով. հերթական ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ»
Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, բազմիցս նշել է, որ Օքայ Դեփրեմը թուրք ծագմամբ ռուսաստանյան պրոպագանդիստ է։ Նա ներգրավված է հատկապես ռուսական Storm-1516 ապատեղեկատվական արշավում։ Համացանցում շրջանառվում են նաև նրա լուսանկարները ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ։

Fip.am-ը ևս պարզել էր, որ Դեփրեմը երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել տեղի քաղաքացիություն և իր հրապարակումներում ու հարցազրույցներում տարածում ռուսական քարոզչական թեզեր։
Իրադարձություն
Հասանելի է
english
Անի Գրիգորյան
CivilNetCheck










