Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը պետական մակարդակով կդառնա միջազգային քննարկումների առարկա։ Ապրիլի 23-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ դեռ պետք է ամբողջապես հասկանան իրավիճակը։
Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացման մասին։ Ապրիլի 22-ին Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) հաստատեց տեղեկությունը՝ հիմնվելով Sentinel արբանյակային պատկերների վրա։
«Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև այս թեմաները երկսայրի սուր են։ Ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ «Դատվելու եք այն նույն դատով, որով դատելու եք, չափելու եք այն նույն չափով, ինչ չափով, որ չափելու եք»։ Մենք կնայենք, կվերլուծենք։ Ես չեմ կարծում, որ մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջապես հասկանանք»,- ասել է Փաշինյանը։
Տաճարը օծվել էր Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2019 թվականին։ Ըստ CHW-ի՝ ոչնչացումը տեղի է ունեցել մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Կառույցը հավելում է, որ ավելի բարձր կետայնությամբ պատկերները (հասանելի կլինեն շուտով) թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։












