Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է. Փաշինյան

Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի 111-րդ տարելիցի կապակցությամբ իր հղած ուղերձում Փաշիյնաը նշել է, որ «ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է»։
/«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։
Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ «մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»։
«Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր և, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված [...] Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա»։
«Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը ճանաչելու վրա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878-ի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է…։
Կազմակերպություն










