Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն ավելի քան 2,5 մլրդ եվրո է ներդրել Հայաստանի կապուղային նախագծերում. դեսպան

ԵՄ-ն ավելի քան 2,5 մլրդ եվրո է ներդրել Հայաստանի կապուղային նախագծերում. դեսպան

Եվրամիությունը Հայաստանի կապուղային նախագծերում ներդրել է ավելի քան 2,5 մլրդ եվրո. ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով Բրյուսելի աճող տնտեսական դերը Հարավային Կովկասում։

«Եվրոպական միությունն արդեն ավելի քան 2,5 միլիարդ եվրո է ներդրել Հայաստանի կապուղային ոլորտում»,- չորեքշաբթի հրապարակված հարցազրույցում ասել է Մարագոսը։ Նա հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2021-ին, իրականացված ներդրումները գրեթե հասնում են այդ ցուցանիշին։

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը ներառում է ԵՄ դրամաշնորհներ, Հայաստանին տրամադրված արտոնյալ վարկեր, ինչպես նաև ներդրումներ մասնավոր հատվածում։ Մարագոսը նշել է, որ մասնավոր կապիտալը կարևոր է երկարաժամկետ կայունության համար։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդլայնում է ուշադրությունը տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի ուղղությամբ, և առաջիկա ամիսներին Հայաստանը ևս շատ կլսի Միության կապուղային օրակարգի մասին։

«ԵՄ-ն մեծապես կենտրոնացած է կապուղիների [conncetivity] վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ քննարկվել է նաև Հայաստանի մասնակցությունը Միջին միջանցքին՝ Եվրոպան և Չինաստանը Հարավային Կովկասով ու Կենտրոնական Ասիայով կապող առևտրային երթուղուն։

Նա ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների վերաբացման և հարևանների հետ առևտրային կապերի խորացման ծրագրին։

Առանցքային նախագծերից Մարագոսը նշել է Երևան-Գյումրի ճանապարհը, որը, ըստ նրա, համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը։

Մարագոսի խոսքով՝ էներգետիկ նախագիծը կավելացնի Հայաստանի՝ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունները, իսկ հետագայում նաև Սև ծովով՝ եվրոպական շուկաներ։

Դեսպանը նաև անդրադարձել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածին՝ Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղու մաս կազմող նախագծին՝ նշելով, որ այն կօգնի Սյունիքը մոտեցնել Երևանին և միջազգային շուկաներին։

Դեսպանը նշել է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները մեծացրել են Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի և այլ գործընկերների համար՝ հավելելով, որ խորացող համագործակցությունը ավելի լավ պայմաններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների և ամբողջ տարածաշրջանի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում