Գլխավոր Լրահոս

Գազան 20 տարվա ընթացքում առաջին անգամ ներգրավվել է տեղական ընտրություններում

Ընտրողներ Ջենինի ընտրատեղամասում, Արևմտյան ափի հյուսիսում/Getty images

Ընտրողներ Ջենինի ընտրատեղամասում, Արևմտյան ափի հյուսիսում/Getty images

Պաղեստինցիները ապրիլի 25-ին մասնակցում են տեղական ընտրությունների, որոնք անցկացվում են ինչպես Արևմտյան ափում, այնպես էլ Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքում։ Սա առաջին ընտրությունն է Գազայում 2006 թվականից ի վեր։

Ընտրություններին կարող է մասնակցել ավելի քան մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 70 հազար ընտրող Դեյր ալ-Բալահում, որտեղ նախատեսված է գործարկել 12 ընտրատեղամաս։ Արդյունքները սպասվում են շաբաթ ուշ երեկոյան կամ կիրակի։

Ընտրական գործընթացը տեղի է ունենում սահմանափակ քաղաքական մրցակցությամբ․ ՀԱՄԱՍ-ին չի թույլատրվել մասնակցել, իսկ մի շարք այլ խմբավորումներ բոյկոտել են ընտրությունները՝ այն պահանջի պատճառով, որ թեկնածուները պետք է ճանաչեն Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) գերակայությունը։ Ինչպես գրում է BBC-ն, այս պայմանը զգալիորեն նեղացրել է քաղաքական դաշտը։

Միևնույն ժամանակ, թեև ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես ներկայացված չէ, որոշ թեկնածուներ ընկալվում են որպես այդ շարժման հետ կապ ունեցող․ նշում է Reuters գործակալությունը։

Դեյր ալ-Բալահը ընտրվել է որպես Գազայում ընտրությունների միակ վայր, քանի որ համեմատաբար քիչ է տուժել Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ընթացքում, և այնտեղ հնարավոր է եղել կազմակերպել քվեարկությունը։

Քաղաքական պառակտում և հասարակական տրամադրություններ

Ընտրությունները կրկին ընդգծում են պաղեստինյան հիմնական քաղաքական ուժերի՝ Ֆաթահի և ՀԱՄԱՍ-ի միջև խոր պառակտումը։ Ֆաթահը, որը վերահսկում է ՊԱԿ-ը և Պաղեստինյան ինքնավարությունը, փաստացի միակ խոշոր ուժն է, որը մասնակցում է ընտրություններին, և որոշ շրջաններում հաղթանակն արդեն կանխորոշված է մրցակիցների բացակայության պատճառով։

2006 թվականի ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո երկու շարժումների միջև լարվածությունը վերաճեց բախումների, և 2007-ին Ֆաթահը դուրս մղվեց Գազայից՝ ձևավորելով առանձին քաղաքական կառավարման համակարգեր Գազայում և Արևմտյան ափում։

Պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի ժողովրդականությունը Գազայում նվազել է․ որոշ բնակիչներ նրան մեղադրում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման և դրան հաջորդած ռազմական գործողությունների համար։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Reuters-ը, Արևմտյան ափում նկատվում է հակառակ միտում՝ ՀԱՄԱՍ-ի աջակցությունը որոշ չափով աճում է՝ Պաղեստինյան ինքնավարության նկատմամբ հիասթափության ֆոնին։

Շատ պաղեստինցիներ Պաղեստինյան ինքնավարությունը գնահատում են որպես կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը չի կարողացել բարելավել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը կամ ավարտին հասցնել Իսրայելի երկարատև ռազմական վերահսկողությունը, նշում է BBC-ն։

Ընտրողների կարծիքները նույնպես հակասական են․ ոմանք դրանք դիտարկում են որպես «կյանքը շարունակելու կամքի» արտահայտություն և հույս են հայտնում, որ միջազգային աջակցությունը կօգնի վերականգնել Գազան։ Մյուսները, հատկապես Արևմտյան ափում, թերահավատ են և չեն ակնկալում էական փոփոխություններ՝ ընդգծելով, որ իրական իշխանությունը շարունակում է մնալ արտաքին վերահսկողության ներքո։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում