Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների վերսկսումը կարող է նպաստել՝ ավարտել պատերազմը։ Նա կարևորել է բանակցությունների շարունակությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր հանդիպում պետք է արդյունք տա և կողմերին մոտեցնի խաղաղությանը։ Այս մասին գրում է «Ուկրինֆորմ» ուկրաինական ազգային լրատվական գործակալությունը։
«Առաջին հերթին մեզ հաջողվեց վերսկսել եռակողմ բանակցությունները։ Դա շատ կարևոր է, որովհետև մեզ հույս է տալիս, որ կավարտենք այս պատերազմը։ Այս հանդիպումից հետո ևս մեկ հանդիպում կլինի, և յուրաքանչյուր հանդիպում պետք է արդյունք տա ու մեզ մոտեցնի խաղաղությանը»,- ասել է Զելենսկին նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից հետո։
Ամերիկյան պատվիրակությունը Դուբլին էր ժամանել Մոսկվայից, որտեղ Ուիթքոֆն ու Քուշները բանակցություններ էին վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրան նախորդել էին նոյեմբերի 10-12-ին Աբու Դաբիում անցկացված ուկրաինական, ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, որոնք վերսկսվել էին շուրջ իննամսյա դադարից հետո։
Զելենսկին հայտնել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկը ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է։
«Սա կլինի ռազմագերիների ամենամեծ փոխանակումը։ Մեր տղաները, մեր զինվորները տուն կվերադառնան։ [...] Սա իրական արդյունք է և շատ կարևոր է առաջին հերթին ընտանիքների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Զելենսկին կարևորել է նաև եվրոպական երկրների ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը բանակցությունների հաջորդ փուլին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է բանակցությունների սեղանի շուրջ հավասար մասնակցություն ունենա, քանի որ պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում։
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հաջորդ բանակցություններին ներգրավել եվրոպական երկրներին։ Նա նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է ռազմագերիների՝ պատերազմի ընթացքում ամենախոշոր փոխանակումն իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են վերադառնալ իրենց ընտանիքներ։ Փոխանակման վերջնական ծավալն ու ժամկետները չեն հրապարակվել։
Քուշների խոսքով՝ բանակցություններում առաջընթաց կա, սակայն կողմերի միջև էական տարաձայնությունները պահպանվում են։ Նա ընդգծել է, որ պատերազմի տևական ավարտի համար անհրաժեշտ են անվտանգության հուսալի երաշխիքներ և լարվածության նվազեցման փոխադարձ պարտավորություններ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հիմնական տարաձայնությունները շարունակում են վերաբերել տարածքային հարցերին։ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի շուրջ մեկ հինգերորդը և պահանջում է նաև Դոնբասի այն հատվածները, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Կիևը մերժում է այդ տարածքները զիջելու պահանջը։
Մինչ այդ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլին եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցության շուրջ։ Սակայն ռուսական կողմը զգուշավոր է արձագանքել այդ հեռանկարին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հստակ չի հաստատել եվրոպացիների մասնակցության վերաբերյալ պայմանավորվածությունը։
Ուկրաինայի նախագահի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Դուբլինի հանդիպման երրորդ կարևոր արդյունքը հետագա բազմակողմ բանակցությունների նախապատրաստումն է։ Զելենսկին հայտարարել է, որ դիվանագիտական գործընթացը շարունակվելու է։
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սկսվել է 202-ի փետրվարի 24-ին։ Չնայած վերջին բանակցություններին՝ պատերազմի ավարտի կամ հրադադարի համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։










