«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնության պարագայում, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երկար ժամանակ չի պահանջի»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրաօղլուն նոյեմբերի 10-ին ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում։ Վերջինս թեմային անդրադարձել է Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի՝ COP31-ի աշխատանքների ընթացքում։
Ուրաօղլուն միևնույն ժամանակ հայտարարել է, որ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար կատարել է անհրաժեշտ աշխատանքները։
«Հայաստանի իմ գործընկերոջ հետ հանդիպումներ եմ ունենում։ Թե՛ երկաթուղային սահմանային անցակետում [Ախուրիկ-Աքյաքյա], թե՛ Ալիջանի ցամաքային սահմանային անցակետում մենք իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է թուրք պաշտոնյան։
Այնուամենայնիվ, վերջինս հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացով. «Սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությանը, որը մեզ համար [Թուրքիայի] կարևոր է։ Փոխադարձ համաձայնության պարագայում, որը հաշվի կառնի ադրբեջանական կողմի զգայունությունները, գործընթացը [սահմանի բացումը] երկար ժամանակ չի պահանջի», - ասել է թուրք պաշտոնյան։
Աբդուլքադիր Ուրաօղլուն անդրադարձել է նաև TRIPP նախագծին և հույս հայտնել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող ամբողջական ճանապարհը պատրաստ կլինի շուրջ չորս տարի հետո։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ «Զանգեզուրի միջանցքը» կառուցելու են ամերիկացիները, սահմանի այն կողմում ադրբեջանական կողմը իր աշխատանքները վերջնականացնում է, իսկ մենք էլ արդեն սկսել ենք Կարս-Դիլուջու հատվածի աշխատանքները։ Հետևում ենք գործընթացին, կարծում եմ՝ մոտ չորս տարի հետո այդ միջանցքի աշխատանքները ավարտված և հաղորդուղին բացված կլինի», - նշել է թուրք պաշտոնյան։
Հուլիսին Շիրակի մարզին սահմանակից Աքյաքայի քաղաքապետը հայ լրագրողների հետ զրույցում հայտնել էր մինչև Հայաստանի սահման ձգվող թուրքական ենթակառուցվածքների վերականգման աշխատանքների մասին, որոնք, ըստ թուրք պաշտոնյայի, կտևեն 2-3 ամիս։
Վերջինիս նույնպես հավաստիացրել էր, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։











