Գլխավոր Լրահոս

Թուրքիայում ծանոթացել են Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքների ընթացքին

Թուրքիայում ծանոթացել են Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքների ընթացքին

Թուրքիայի Կարսի նահանգի Աքյաքա շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, երկաթուղային աշխատանքներ են իրականացվում։ Թուրքական «Իհլաս» (İHA) լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղի իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են տարիներ շարունակ փակ Գյումրի-Կարս երկաթուղու թուրքական հատված և ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Աքյաքայի գավառապետ Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի նահանգային խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը տեղում ուսումնասիրել են երկաթուղային աշխատանքների ընթացքը։ Դեմիրթաշը ծրագիրն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել աշխատանքների ներկա վիճակի, կատարվող միջոցառումների և ծրագրի առաջընթացի մասին։

Գործակալության հաղորդմամբ՝ տեղի բնակչությունը հետևում է տարիներ շարունակ փակ Աքյաքայի՝ Դողուքափը սահմանային անցակետի և երկաթուղու հնարավոր վերաբացման գործընթացին։ Ակնկալվում է, որ երկաթուղու վերագործարկումը կնպաստի սահմանամերձ շրջանի առևտրի, տնտեսության և տրանսպորտային կապերի զարգացմանը։

Թուրքական գործակալությունը չի մանրամասնում իրականացվող աշխատանքների ծավալը և չի հայտնում դրանց ավարտի կամ երկաթուղու վերագործարկման ժամկետները։

Հայաստանն ու Թուրքիան Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ իրականացնելու շուրջ պայմանավորվել էին 2025-ի սեպտեմբերի 12-ին՝ Երևանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը։ Պայմանավորվածությունը վերաբերում էր նաև էլեկտրահաղորդման գծի վերականգնմանն ու գործարկմանը։

2025-ի նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին Ախուրիկ–Աքյաքա սահմանային անցակետում և Գյումրիում՝ անցկացնելով երկաթուղու վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Իսկ 2026-ի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Կողմերն ընդգծել էին երկաթուղու շուտափույթ գործարկման կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համար։

Հայկական հատվածում ևս վերականգնման աշխատանքներ են նախատեսվում։ Օգոստոսի 18-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Ախուրիկի երկաթուղային հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել։ Վերականգնման ենթակա մոտ 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության նախնական արժեքը գնահատվում էր 15 միլիոն դոլար։ Նախագծման ավարտից հետո նախատեսվում էր անցնել շինարարության, սակայն այդ ժամանակ դեռ հստակեցված չէր՝ աշխատանքները ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը, թե երկաթուղու կառավարիչ ռուսական կողմը։

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ Անկարան կատարել է Կարս–Գյումրի երկաթուղային անցակետի և Ալիջանի ցամաքային անցակետի բացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

Միաժամանակ թուրք նախարարը սահմանի բացումը կապել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան։ Սա մեզ համար կարևոր է։ Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ։ Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ»,- ասել էր Ուրալօղլուն։

Նրա խոսքով՝ փոխադարձ համաձայնության դեպքում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի դիրքորոշումը, սահմանի բացումը երկար ժամանակ չի պահանջի։

Հայաստան–Թուրքիա սահմանը փակ է 1993-ից։ Երկու երկրները 2022-ի հուլիսին պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել։ Հայաստանը վերանորոգել է Մարգարայի սահմանային անցակետը, մինչդեռ սահմանի կանոնավոր բացման ժամկետ դեռ չի հայտարարվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում