Գլխավոր Լրահոս

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի և միջազգային համագործակցության հարցերը։

Թուրքական աղբյուրները սեպտեմբերի 23-ին հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Հրավերը փոխանցվել էր սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Այդ հանդիպմանը Փաշինյանն ու Էրդողանը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը։ Անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և TRIPP նախագծին։

Առաջիկա այցը տեղի կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին։ Նոյեմբերի 6-ին «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։

«Իհարկե, Հայաստանը և Թուրքիա դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»,- հայտարարել էր վարչապետը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ երկու երկրները կարող են կարճ ժամանակում պայմանավորվել սահմանի բացման շուրջ։ Նրա խոսքով՝ ընթանում են նաև երկու երկրների էլեկտրական ցանցերի փոխկապակցմանն ուղղված տեխնիկական քննարկումներ։

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ ցամաքային սահմանը փակ է 1993-ից։ Հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021-ի վերջին։ 2022-ի հուլիսին կողմերը պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում