Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող COP31 կլիմայական գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողանում համաձայնության գալ եզրափակիչ հռչակագրի շուրջ։ Բանակցությունները շարունակվում են գագաթնաժողովի նախատեսված ավարտից մեկ օր անց, հաղորդում է BBC-ն։
Հիմնական վեճը հանածո վառելիքի շուրջ է։ Ուրբաթ Ֆրանսիայի և Պանամայի գլխավորած երկրների խումբն առարկել է հռչակագրի նախագծի դեմ։ Նախագծում նավթի, գազի և քարածխի սպառումը կրճատելու մասին որևէ դրույթ չկա։ BBC-ի տվյալներով՝ այդ դրույթները տեքստից հանվել են Սաուդյան Արաբիայի և վառելիք արտահանող այլ երկրների պնդմամբ։ Ֆրանսիային և Պանամային միացել են կղզի պետությունները, ինչպես նաև Իսպանիան, Բելգիան, Շվեդիան ու Ֆինլանդիան։
«Անթույլատրելի է, որ COP-ը ստորագրի որոշում, որտեղ հանածո վառելիքը նույնիսկ չի հիշատակվում»,- ասել է Պանամայի շրջակա միջավայրի նախարար Խուան Կառլոս Նավառոն։
Երկրորդ վիճելի հարցը կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ֆինանսավորումն է։ Աֆրիկյան երկրների խումբը պահանջում է նոր ֆինանսական պարտավորություններ, որոնց Եվրամիությունը դեմ է։ Նախագծի նախորդ տարբերակներում նախատեսված էր մինչև 2035-ը այս ֆինանսավորումը հասցնել 120 մլրդ դոլարի։ Այդ կետն այժմ հանված է։
Ըստ BBC-ի՝ եզրափակիչ փաստաթուղթն առաջին անգամ ընդունում է, որ գլոբալ տաքացումը 1.5°C-ից ցածր պահելու նպատակը ձախողվել է։
Շատ պատվիրակություններ իրենց թռիչքները կիրակիից տեղափոխել են երկուշաբթի։ BBC-ն նշում է, որ եթե մասնակիցների մի մասը մեկնի, համաձայնագիր ընդունելու համար քվորում կարող է չլինել։ Այդ դեպքում գագաթնաժողովը կավարտվի առանց համաձայնագրի։











