«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու և Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ իրավական այդ քայլերը հիմնավորելով իր իրավունքների ոտնահարմամբ, հոգեբանական ճնշմամբ և հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասով։
Ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքը դատարան է դիմել՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
«Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ: ««Իմ քայլը» ասոցացվում է Քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը»․ ասում են նրանք։ ԵՎ ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե Վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները՝ ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 մլն դրամի չափով»,- ասել է Հակոբյանը:
Հակոբյանը շեշտել է, որ վարչական վարույթի նախաձեռնումն ինքնին ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ամրագրված՝ ընտրական գործընթացներին կամավոր մասնակցելու իրավունքն ու ազատությունը։
«Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես՝ Սահմանադրության հոդված համար յոթը սահմանում է՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»,- նշել է նա։
Բացի ներպետական օրենսդրությունից՝ նա վկայակոչել է միջազգային իրավունքի նորմերը՝ դիտորդների գործողությունները որակելով որպես հոգեբանական ճնշման դրսևորում։ Ըստ նրա՝ նման վերաբերմունքը սահմանափակում է ազատ խոսքի իրավունքը և հանդիսանում է կանանց նկատմամբ հուզական ու հոգեբանական բռնություն։
«Խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները։ Կոնվենցիայի երրորդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի, ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը։ Խախտվել են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը՝ ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով»,- նշել է Հակոբյանը։
Որպես խտրական մոտեցման և երկակի ստանդարտների ապացույց՝ հիմնադրամի ղեկավարը հիշեցրել է 2022-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Նա ընդգծել է, որ երբ «Իմ քայլը» հիմնադրամը ղեկավարվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանի կողմից և նույն կերպ բարեգործական ծրագրեր էր իրականացնում նախընտրական շրջանում, դիտորդական կազմակերպությունների կողմից որևէ իրավական գործընթաց չէր հարուցվել։
«Մասնավորապես՝ 2022-ի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը Շիրակում անցկացրել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը... որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված՝ կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»,- ասել է Հակոբյանը։












