Հայաստանն ու Թուրքիան քննարկել են երկաթգծի վերագործարկումը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, թե «ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»։ Ըստ դեսպանության տարածած տեղեկության՝ սա պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։
«Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
. . .
Հայաստանն ու Թուրքիան շարունակում են հաղորդակցությունների վերականգնման տեխնիկական աշխատանքները, որոնցում մեծ տեղ է գրավում երկաթուղու հարցը։
Երկու պատվիրակությունների միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025-ի նոյեմբերի 28-ին։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում՝ քննարկելու Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործման հարցերը։
Աշխատանքային խմբի աշխատանքները մեկնարկել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի պայմանավորվածությունների արդյունքում։ Վերջին անգամ նրանք հանդիպել են 2025-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ու Թուրքիայի սահմանին, որից հետո բանակցությունները շարունակել են Երևանում։
Հայաստանի և Թուրքիայի միջև լոգիստիկ հնարավորությունների մասին է խոսել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ապրիլի 17-ին CNN TÜRK-ին տված հարցազրույցում։ Նա սահմանների բացման համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը լավ հնարավորություն է համարել մասնավորապես Եվրոպա-Կենտրոնական Ասիա երկաթուղու զարգացման համար։
Հասանելի է
english
Փոլ Սուքիասյան










