«Կապույտ անձնագրերը» կգործեն մինչև ժամկետի ավարտը

Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Պաշտոնյան նշել է, որ միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։
«Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը»,- հայտնել է Դավթյանը։
Հայաստանում 2026-ի աշնանից կներդրվեն նոր սերնդի կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։











