Խամենեին Ծոցի «վառ ապագան» տեսնում է առանց ԱՄՆ-ի

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի հարցում հայտարարել է նոր էջի բացման մասին։ Նա ապրիլի 30-ին գրավոր ուղերձ է հրապարակել Պարսից ծոցի ազգային տոնի կապակցությամբ։
Իրանի առաջնորդը Պարսից ծոցի տարածաշրջանի «վառ ապագան» առանց Միացյալ Նահանգների ներկայության է տեսնում։ Խամենեին ընդգծել է, որ ամերիկյան հարձակումների դեմ Իրանի հաջող դիմադրության քաղաքականությունը նոր կարգերի սկիզբ կլինի տարածաշրջանում և աշխարհում։
«Իրանը կապահովի Պարսից ծոցի տարածաշրջանի ավտանգությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի անցումում թշնամու չարաշահումները»,- իր գրավոր ուղերձում նշել է Իրանի առաջնորդը։ Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նոր իրավական նորմերի ու կարգերի հաստատումը կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու տնտեսական շահերին։Մոջթաբա Խամենեին Իրանի առաջնորդի կարգավիճակում երկրորդ անգամ է գրավոր ուղերձով հանդես գալիս։ Միջազգային մամուլում շատ են քննարկումները նրա առողջության վերաբերյալ։ Ըստ տարածված կարծիքների՝ նա ծանր վիրավորվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով, որոնց ժամանակ սպանվեց նրա հայրը՝ Իրանի երկարամյա հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ու Իրանի ռազմաքաղաքական մի շարք առանցքային գործիչներ։
Իրանի դեմ ընթացող պատերազմում Հորմուզի նեղուցը դարձել է Իրան-Միացյալ Նահանգներ օրակարգի ամենախնդրահարույց հարցերից մեկը։ Իրանը, պատերազմի ժամանակ սահմանափակելով նեղուցով անցնող նավերի շարժը, ջրային այդ անցումում առաջ է քաշում սեփական վերահսկողության հարցը։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգները ապրիլի 13-ին, Իրանի հետ հրադադարի շուրջ պայմանավորվելուց մի քանի օր անց, շրջափակեցին Հորմուզի նեղուցը, մասնավորապես՝ Պարսից ծոցի իրանական նավահանգիստները, որոնցից դուրս եկող նավերը կապվում են արտաքին աշխարհին։
Մինչպատերազմական խաղաղ իրավիաճակում Հորմուզի նեղուցով անցնում էր նավթի համաշխարհային առևտրի ավելի քան հինգերորդ մասը։











