ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Վաշինգտոնը փոխի իր մոտեցումը։
Մայիսի 1-ին իրանական պետական IRNA գործակալությունը հայտնեց, որ Իրանը նոր առաջարկ է փոխանցել պակիստանցի միջնորդների միջոցով։ Սակայն դրա բովանդակությունը չի հրապարակվել։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ, սակայն ինքը գոհ չէ ներկայացված առաջարկից։
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել»,- հայտարարել է Թրամփը և ասել, որ հեռախոսային բանակցությունները շարունակվում են։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ը փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։












