Գլխավոր Լրահոս

Իրանը կասկածի տակ է դրել Պակիստանի միջնորդական դերը

Իրանը կասկածի տակ է դրել Պակիստանի միջնորդական դերը

Իրանը կասկածի տակ է դրել Պակիստանի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի դերը։ Այս մասին գրում է Շրի Լանկայի Daily Mirror թերթը նոյեմբերի 17-ին հրապարակված վերլուծական հոդվածում։

Ըստ վերլուծության՝ Ծոցի ճգնաժամի սկզբից Պակիստանն իրեն ներկայացնում էր որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղարար։ Սակայն Իրանը ոչ միայն կասկածի տակ է դրել Իսլամաբադի չեզոքությունն ու վստահելիությունը, այլև Պակիստանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը հարևան Աֆղանստանի հետ և առաջարկել է օգնել այն կարգավորելու հարցում։

Իրանցի քաղաքական գործիչները, փորձագետները և պաշտոնական Թեհրանը մի շարք հայտարարություններ են արել Աֆղանստան-Պակիստան հակամարտության մասին։ Ըստ թերթի՝ դրանք ի ցույց են դնում Պակիստանի սահմանափակ հնարավորությունները. երկիր, որը հավակնում էր հաշտեցնել երկու խոշոր հակառակորդների, ինքը միջնորդության կարիք ունի։

Իրանցի պատգամավոր Մոհսեն Զանգանեն հրապարակավ ծաղրել է Պակիստանին և վարչապետ Շեհբազ Շարիֆին՝ միջնորդության և խաղաղության համաձայնագրի մասին նրանց պնդումների համար։ Զանգանեի խոսքով՝ «Իսլամաբադը գործել է Վաշինգտոնի ցուցումներով, իսկ Շարիֆի առաջին թվիթը նրան ուղարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը»։ «Անգամ նրանց թվիթը գրել էին ամերիկացիները»,– ասել է Զանգանեն։

Հեղինակը գրում է, որ Իսլամաբադը հաճախ էր հայտարարում, թե համաձայնագիրը շուտով կստորագրվի, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների համար մի քանի դիվանագիտական ուղի է բացել, և առաջնային դերը հիմա Կատարինն է։ Հոդվածի համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին բանակցություններին աջակցող երկրներ էր անվանել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը, բայց Պակիստանը չէր հիշատակել։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պակիստանը չնշելով, խոսել է Կատարի գլխավորած բանակցությունների մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նշել է, որ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններ են ընթանում կատարցի պաշտոնյաների հետ։

Հոդվածագրի կարծիքով՝ Թեհրանը հասկացրել է, որ Պակիստանն անփոխարինելի միջնորդ չէ, իսկ Վաշինգտոնն էլ նվազեցրել է նրա դերը։

Պակիստանի ձախողումները կապված են Աֆղանստանի նկատմամբ նրա քաղաքականության հետ։ Հեղինակի գնահատմամբ՝ Իսլամաբադն ապավինում էր իր ռազմական գերակայությանը և թալիբներից դաշնակցային վարքագիծ էր սպասում, բայց հաշվարկները չեն արդարացել։ Սահմանային ճգնաժամը լուծելու հնարավորությունը, ըստ հեղինակի, կորսվել է, երբ Պակիստանը ավիահարվածներ հասցրեց քաղաքացիական տարածքներին, ինչն աճող զայրույթի պատճառ է Աֆղանստանում։ Կարգավորման նպատակով անցկացված հանդիպումներից ոչ մեկը արդյունք չի տվել, չի եղել նաև համատեղ հայտարարություն։

Թերթը պատմական զուգահեռ է անցկացնում։ 1971-ին Պակիստանը նպաստել էր ԱՄՆ-ի և Չինաստանի մերձեցմանը, ինչը ժամանակի խոշոր իրադարձություն էր։ Սակայն այդ դիվանագիտական հաջողությունը չօգնեց լուծել ներքին ճգնաժամը։ Իսլամաբադը չկարողացավ բանակցել այն ժամանակվա Արևելյան Պակիստանի բնակչության հետ, և ստեղծվեց Բանգլադեշը։

Ըստ հոդվածի՝ այսօր էլ Պակիստանի տարբեր նահանգներում մարդիկ բողոքում են կենտրոնական իշխանության քաղաքականության և հիմնարար իրավունքներ պահանջողների դեմ ուժի կիրառման դեմ։ Աֆղանստանի հարցը նույնպես շարունակում է սուր մնալ։ Միևնույն ժամանակ, բանակի հրամանատար Ասիմ Մունիրը ԱՄՆ-ի հետ շփումների միջոցով փորձում է երկիրը ներկայացնել որպես ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատար։

Ըստ թերթի՝ Պակիստանը ԱՄՆ-Իրան հակամարտությունում որևէ բեկման չի հասել և պետք է գիտակցի իր սահմանափակումները։ Իրական միջնորդին, ըստ հոդվածի, գնահատում են այն վստահությամբ, որը նա վայելում է, և այն համաձայնություններով, որոնց հասնել է օգնում։ Իսկ Իսլամաբադը չի կարողանում լուծել անգամ իր ներքին ճգնաժամն ու Աֆղանստանի հետ հակամարտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում