Միջազգային առաջնորդները ժամանում են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Երևանում մայիսի 4-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում եվրոպական պետությունների և միջազգային կառույցների բարձրաստիճան առաջնորդներ:
Մայիսի 3-ին Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ որպես գագաթնաժողովին հրավիրված առաջին ոչ եվրոպական երկրի ղեկավար։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Կանադայի կառավարության ղեկավարին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հայաստան են ժամանել նաև Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան։
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը:
Սպասվում է, որ դեռ Հայաստան պետք է ժամանեն տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:











