Գլխավոր Լրահոս

Հնարավորինս խուսափել միջնորդներից և չդիմել մի քանի հյուպատոսություն միաժամանակ. ԵՄ դեսպանը՝ վիզաների մասին

Հնարավորինս խուսափել միջնորդներից և չդիմել մի քանի հյուպատոսություն միաժամանակ. ԵՄ դեսպանը՝ վիզաների մասին

Հայաստան–ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությանը զուգընթաց հանրային քննարկումների առանցքում շարունակում են մնալ վիզաների ստացման հետ կապված խնդիրներն ու դժգոհությունները։ Քաղաքացիները սոցիալական հարթակներում հաճախ բարձրաձայնում են առավել զգայուն խնդիրները՝ հանդիպումների ամրագրման սահմանափակ հասանելիություն, ոչ պաշտոնական միջնորդների գործունեություն, որոնք առաջարկում են վճարովի աջակցություն հանդիպումների ամրագրման հարցում, մերժումների ոչ հստակ հիմնավորում։ Այս համատեքստում առավել արդիական է դառնում հարցը՝ ինչպես կարելի է բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու հասանելիությունը և ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։ ՍիվիլՆեթին տված ծավալուն հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, այս մտահոգություններին անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Զրույցը տեղի է ունեցել մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք՝ ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից առաջ: 

«Կարծում եմ՝ շատ կարևոր է գագաթնաժողովի ընթացքում գնահատել, թե որտեղ ենք գտնվում, և նաև հասկանալ, թե ինչ է դեռ պետք անել՝ հասնելու համար այն ցանկալի արդյունքին, որը, գիտեմ, բոլոր ՀՀ քաղաքացիները շատ մեծ ոգևորությամբ են սպասում։ Ուզում եմ նաև ընդգծել, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։ Սա մեր գործընկերության խորության և հարստության ևս մեկ վկայություն էր», - ասում է դեսպանը։

Խոսելով վիզաների ստացման գործընթացում մարտահրավերների մասին՝ դեսպանը դրանց մի մասը պայմանավորում է պահանջարկի աճով, որը նա բարձր է գնահատում։

«Վերջին տարիներին մենք ավելացրել ենք տրամադրվող վիզաների քանակը։ 2024թ. մենք հասել ենք տարեկան 100,000 վիզայի մակարդակի։ Բայց կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես կարող ենք երկու կողմերից էլ հետագայում բարելավել փոխգործակցությունը։

Մեր հյուպատոսությունները, պետք է ասեմ, շատ լավ աշխատանք են կատարում՝ արձագանքելու և դիմակայելու այս պահանջարկին։ Եվ ինչպես արդեն նշեցի, նրանք տրամադրում են գնալով ավելի շատ վիզաներ։

Մենք ունենք նաև երկու երկիր, որոնք պատրաստվում են բացել հյուպատոսություններ՝ Հունգարիան և Կիպրոսը, և ունենք մի շարք երկրներ, որոնք էապես ավելացրել են իրենց հյուպատոսությունների աշխատակիցների թիվը, օրինակ՝ Լիտվան, ինչպես նաև Գերմանիան»։

Անդրադառնալով միջնորդների հարցին՝ դեսպանը նկատում է, որ նրանք երբեմն «ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում» և հորդորում է Հայաստանի քաղաքացիներին դիմել հյուպատոսություններին, դիմել ծառայությունների կենտրոններին։

«Եվ եթե որևէ մտահոգություն կա, որը կապված է ընթացակարգերի հետ, նրանք պետք է կրկին դիմեն ԵՄ ներկայացուցչություններին՝ հավելյալ աջակցություն ստանալու համար։ Իրականում ՀՀ քաղաքացիները կարող են ինքնուրույն կազմել և պատրաստել իրենց դիմումները, որովհետև դիմումը այնքան էլ բարդ չէ։ Միջնորդներին դիմելու կարիք չկա։ Բայց մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ պահանջարկը բարձր է։ Եվ սա այն պատճառներից մեկն է, թե ինչու եմ ես խնդրել անդամ պետությունների իմ գործընկերներին հատկացնել ժամանակ այն մասնագետների և այն խմբերի համար, որոնք հաճախ են ճանապարհորդում», - ասում է ԵՄ առաքելության ղեկավարը՝ հիշեցնելով, որ արդեն գործում է վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը թույլ է տալիս երկարաժամկետ վիզաների տրամադրում՝ իհարկե, պայմանների պահպանման դեպքում։

Դեսպանը անդրադառնում է հանդիպումների ամրագրման հետ կապված խնդրին ու ևս մեկ հորդոր ուղղում ՀՀ քաղաքացիներին. «Ուզում եմ ընդգծել, որ դա հիմնականում պայմանավորված է բարձր պահանջարկով։ Բայց կա նաև մեկ լրացուցիչ գործոն։ Երբեմն նույն անձը դիմում է մի քանի հյուպատոսություններ։ Ուստի ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի քաղաքացիներին՝ առաջին հերթին նախապես պլանավորել, ինչպես նաև ժամանակ տալ հյուպատոսություններին արձագանքելու իրենց դիմումներին։

Բայց նաև ցանկանում եմ կոչ անել պահպանել կանոնները։ Շենգենում մենք ունենք ազատ տեղաշարժ։ Բայց կա կանոն, որ դուք պետք է դիմեք այն երկրի դեսպանությանը կամ հյուպատոսությանը, որտեղ ցանկանում եք այցելել։

Այսինքն՝ չպետք է դիմել այլ հյուպատոսությունների, եթե ցանկանում եք այցելել, օրինակ, Իտալիա, Հունաստան, Լեհաստան։ Պետք է դիմել համապատասխան հյուպատոսությանը։ Չպետք է դիմել այլ հյուպատոսություն, որովհետև դա խաթարում է համակարգը և կարող է խնդիրներ ստեղծել ապագայում»։

Հայաստան – ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր․ հակիրճ նկարագրություն

2025թ․ նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝

1. Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,

2. Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,

3. Հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,

4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Ստելլա Մեհրաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում