«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում բացառում է որևէ կոալիցիայի կազմավորումը գործող իշխանության և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. այսպիսի հայտարարություն նա արեց ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։
Նա նաև անընդունելի է համարել վարչապետի պաշտոնում կոնկրետ անձի, այն է` «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի նշանակման նպատակով երկրի Սահմանադրության հնարավոր փոփոխությունը։
Անդրադառնալով կուսակցությունների համար սահմանված ընտրական 4 տոկոսի շեմը հաղթահարելուց հետո խորհրդարանում հնարավոր համագործակցությանն ու քաղաքական «կարմիր գծերին»՝ Մարությանը պարզաբանեց հիմնական մրցակիցների հետ դաշինք չկազմելու պատճառները։
«Մենք չենք կարող ճանապարհ անցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, մասնավորապես, եթե վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հետ, եթե նա է իրենց վարչապետի թեկնածուն»,- նշեց Մարությանը։
Մեկնաբանելով իր որոշումը՝ Մարությանը հավելեց, որ իշխող կուսակցության հետ նախկինում ունեցած համատեղ աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նրանք շեղվում են իրենց իսկ հռչակած ծրագրերից և չեն իրականացնում դրանք։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ըստ նրա, խոչընդոտը երկրորդ նախագահի տասնամյա կառավարման աշխատելաոճն է, որ, Մարությանի գնահատականով, ուղեկցվել է «կոռուպցիայով և թալանով»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը՝ Մարությանն ընդգծեց, որ հիմնական տարաձայնությունն աշխարհաքաղաքական ուղղվածությունն է։ Նրա խոսքով՝ «Նոր ուժը» Հայաստանի զարգացումը տեսնում է եվրոպականացման ճանապարհով, ինչը Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորի համար, ըստ Մարությանի, առաջնահերթություն չէ. բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Կարապետյանի թիմը պատրաստ լինի զիջել իր դիրքորոշումն այս առանցքային հարցում և ընդունել Մարությանի թիմի եվրոպականացման օրակարգը։
Միևնույն ժամանակ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն կտրականապես մերժեց ընդդիմության միավորման այն տեսական սցենարը, որի դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կփոխի երկրի Սահմանադրությունը՝ բացառապես Սամվել Կարապետյանին վարչապետ նշանակելու հնարավորություն ստեղծելու համար, քանի որ, ըստ գործող Մայր օրենքի, չի կարող ընտրվել ո՛չ վարչապետ, ո՛չ պատգմավոր:
«Այդ դեպքում էլ կոալիցիա չի կայանա: Մեր պայմաններից մեկն այն է, որ մեկ հոգու համար չի կարելի փոխել Սահմանադրություն, մեզ համար դա անընդունելի է: Կարող է լինել ուրիշ մարդ վարչապետ, որը կարող է քննարկվել, բայց Սամվել Կարապետյանի պարագայում՝ ոչ»,- եզրափակեց Մարությանը։












