Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Վեդիի դեպքով ձերբակալվածներին կալանավորելու համար

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է «մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:
Քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
Մայիսի 6-ին այս դեպքին Ազգային ժողովում անդրադարձել էր նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո արարքի վերաբերյալ վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։
«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,- ասել էր Վարդապետյանը։










