Գլխավոր Լրահոս

Թողնում եմ նրա խղճին,Աստված ձեզ դատավոր․ Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Հայաստանի ՄԻՊ-ին

Թողնում եմ նրա խղճին,Աստված ձեզ դատավոր․ Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Հայաստանի ՄԻՊ-ին

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը խիստ քննադատության է ենթարկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշումը և ուղղակի հարցադրումներ հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցում փոխանցված հայտարարության մեջ Վարդանյանը պահանջում է հստակեցնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյայի ինքնությունը և բարձրաձայնում պետական մակարդակով համակարգված աջակցության ու կայուն կապի մեխանիզմների բացակայության մասին: 

Օրեր առաջ Վարդանյանը Բաքվի բանտից դիմել էր Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը: Ի պատասխան Մանասյանը հայտարարել էր, որ ՄԻՊ-ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։

«Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում-խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։

Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված»,- իր հայտարարության մեջ նշել է Վարդանյանը։

Վարդանյանը հարցադրում է արել, եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Հայաստանում ո՞վ է  պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։

«Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների,  ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։

Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։

Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի  ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։

Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:

Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝  70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։

Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։

Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»,- ասված է Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ:

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին ապօրինաբար գերեվարել էր 2023-ի սեպտեմբերին Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանի նկատմամբ ներկայացրել են ավելի քան 40 շինծու մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով։

Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանիn դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում