Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տեսակցել է Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, և զրույցը տևել է երկուսուկես ժամ։ Իրանի կառավարության ղեկավարն այդ մասին խոսել է մայիսի 7-ին Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Հեղափոխության առաջնորդի հետ հանդիպումը շատ տպավորիչ էր։ Հանդիպմանը նրա վերաբերմունքը հանգստության, վստահության, ու ուղիղ երկխոսության միջավայր ստեղծեց»,- նշել է Իրանի նախագահը։
Միջազգային մամուլում շատ են քննարկումները Մոջթաբա Խամենեիի առողջության վերաբերյալ։ Ըստ տարածված կարծիքների՝ նա ծանր վիրավորվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով, որոնց ժամանակ սպանվեց նրա հայրը՝ Իրանի երկարամյա հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ու Իրանի ռազմաքաղաքական մի շարք առանցքային գործիչներ։
Փեզեշքիանն Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամում առաջնային է համարել հասարակության համախմբումն ու դժվարությունների հաղթահարումը, որի գործում նշել է տնտեսական կառուցների արդյունավետության հանգամանքը։
Ապրիլի 30-ին Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձ էր հրապարակել՝ Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի հարցում հայտարարելով «նոր էջի» բացման մասին։
«Իրանը կապահովի Պարսից ծոցի տարածաշրջանի ավտանգությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի անցումում թշնամու չարաշահումները»,- իր գրավոր ուղերձում նշել էր Իրանի առաջնորդը։
Իրանի դեմ ընթացող պատերազմում Հորմուզի նեղուցը դարձել է Իրան-Միացյալ Նահանգներ օրակարգի ամենախնդրահարույց հարցերից մեկը։ Իրանը, պատերազմի ժամանակ սահմանափակելով նեղուցով անցնող նավերի շարժը, ջրային այդ անցումում առաջ է քաշում սեփական վերահսկողության հարցը։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգները ապրիլի 13-ին, Իրանի հետ հրադադարի շուրջ պայմանավորվելուց մի քանի օր անց, շրջափակեցին Հորմուզի նեղուցը, մասնավորապես՝ Պարսից ծոցի իրանական նավահանգիստները, որոնցից դուրս եկող նավերը կապվում են արտաքին աշխարհին։












