Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն արդյոք գագաթնաժողովներ անցկացնո՞ւմ է «բարդ ընտրությունների» առաջ կանգնած երկրներում

Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Հայաստանում մայիսի 4-5-ը անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի և Եվրամիության (ԵՄ) հետ երկկողմ առաջին գագաթնաժողովի ֆոնին ռուսալեզու տելեգրամյան ալիքներում ակտիվ տարածվել են նարատիվներ՝ ԵՄ-ի «ընտրական միջամտության» մասին։ Մասնավորապես, պնդումներ էին շրջանառվում, թե ԵՄ-ն նման միջոցառումներ կազմակերպում է այն երկրներում, որտեղ սպասվում են «բարդ ընտրություններ»։

«Եվրամիությունը այս քաղաքական միջոցառումներն անցկացնում է դժվար ընտրությունների առջև կանգնած երկրներում։ Հենց այդպիսի ընտրություններ էլ հունիսի 7-ին սպասվում են Փաշինյանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- մայիսի 3-ին գրել է SHOT ռուսալեզու տելեգրամյան ալիքը: Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի կողմնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահպանում է հաղթելու շանսերը, և եվրոպացիները փորձում էին փոխել այդ իրավիճակը։

Տելեգրամյան այս գրառումը շուրջ 535 վերահրապարակում է ստացել՝ հիմնականում ռուսալեզու այլ տելեգրամյան ալիքներում։

ԵՔՀ և ԵՄ երկկողմ գագաթնաժողովներն արդյո՞ք համընկնում են «վճռորոշ ընտրությունների» հետ։ Այդ նպատակով ուսումնասիրվել են գագաթնաժողովների անցկացման ժամկետներն ու դրանք հյուրընկալած երկրների ընտրական օրացույցները։

ԵՔՀ, ԵՄ գագաթնաժողովներն ու «ընտրությունների օրինաչափությունը»

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները մեկնարկել են 2022 թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ: 

Գագաթնաժողովները նախատեսված են քաղաքական երկխոսության, համագործակցության համար՝ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ապահովելու օրակարգով։ Գագաթնաժողովներին մասնակցում են ԵՄ անդամ 27 և գործընկեր երկրները՝ այդ թվում Հայաստանը:

2022–2026 թվականներին անցկացվել է ութ գագաթնաժողովներ տարբեր երկրներում՝ Չեխիա, Մոլդովա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Հունգարիա, Ալբանիա, Դանիա  և Հայաստան: Ըստ էության, գագաթնաժողովները հերթով անցկացվում են՝ մեկ ԵՄ անդամ երկրում, մեկ՝ ոչ անդամ երկրում։ 

Համադրությունը տվյալ երկրների ընտրական օրացույցների հետ ցույց է տալիս, որ մեծ մասում դրանք չեն եղել ընտրություններին մոտ ժամանակահատվածում, մի քանիսում ՝ օրինակ Ալբանիայում և Մեծ Բրիտանիայում, գագաթնաժողովը տեղի էր ունեցել ընտրություններից հետո: Այս համատեքստում հատկանշական է, որ 2024թ. նոյեմբերի 7-ին 5-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հունգարիայում, ինչին չի խանգարել այն հանգամանքը, որ այդ ժամանակվա վարչապետ Վիկոր Օրբանի հետ ԵՄ ղեկավարությունը և երկրների մեծ մասը ունեին լուրջ հակասություններ: 

Միայն Հայաստանի դեպքում է, որ գագաթնաժողովը անցկացվում է համապետական ընտրություններին մոտ ժամանակահատվածում: 

Հաջորդ գագաթնաժողովները անցկացվելու են 2026 թ. նոյեմբերին Իռլանդիայում և 2027 թ. ապրիլին Շվեյցարիայում: Երկու երկրներում էլ այդ ժամանակահատվածում ընտրություններ անցկացնել չի նախատեսվում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ երկկողմ գագաթնաժողովներին, ապա այստեղ ևս հստակ օրինաչափություն չի երևում։ Օրինակ՝ Մոլդովայի դեպքում առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2025-ի հուլիսի 4-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ մոտ երկուսուկես ամիս անց։ Միևնույն ժամանակ Ուկրաինան 1997-2023 թթ. ԵՄ-ի հետ անցկացրել է 24 գագաթնաժողով՝ գրեթե ամեն տարի: Նման երկկողմ գագաթնաժողովներ ԵՄ-ն ունենում է նաև, օրինակ, ԱՄՆ-ի հետ։ Այս դեպքում էլ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023-ին հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկ տարի առաջ։ ԵՄ-ն նման երկկողմ գագաթնաժողովներ անցկացնում է նաև ԱՄՆ-ի հետ։ Վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ։

Արդյո՞ք գագաթնաժողովները կազմակերպվել էին «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակը կանխելու համար

Անդրադառնալով պնդմանը, թե ԵՄ առաջնորդները Հայաստան են ժամանել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հնարավոր հաղթանակը կանխելու նպատակով, ապա առկա փաստերը դա չեն հաստատում։ Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման մասին հայտնի դարձավ դեռևս 2025-ի մայիսի 23-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից։ Մինչդեռ «Մեր ձևով» շարժումը ստեղծվել է միայն 2025-ի օգոստոսի 25-ին, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է դեկտեմբերի 8-ին։ Այսինքն՝ Կարապետյաններն իրենց քաղաքական պայքարի մասին հայտարարել են ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման մասին հայտարարությունից ամիսներ անց։ 

Տելեգրամյան ալիքի գրառման մեջ նաև պնդվում է, թե Հայաստանում «չեն դադարում Փաշինյանի հակառուսական քաղաքականության դեմ բողոքի ցույցերը»։ Սակայն վերջին ամիսներին Հայաստանում անցկացված բողոքի ակցիաները հիմնականում վերաբերել են ներքաղաքական, սոցիալական կամ անվտանգային հարցերի, իսկ հակառուսական քաղաքականության դեմ շարունակական կամ լայնածավալ ցույցեր չեն արձանագրվել։ 

Տելեգրամյան ալիքի մասին

Սկզբնաղբյուր հանդիսացող SHOT տելեգրամյան ալիքը ունի շուրջ 1,2 միլիոն հետևորդ, իսկ ԵՔՀ-ին վերաբերող հրապարակումը հավաքել է շուրջ 200 հազար դիտում։ Գրառումը հետագայում վերահրապարակվել է ռուսալեզու այլ տելեգրամյան ալիքներով։

Այսպիսով, ԵՔՀ և ԵՄ-ի հետ երկկողմ գագաթնաժողովները չեն անցկացվում ընտրություններին նախորդող փուլերում որպես կայուն օրինաչափություն, և դրանց կազմակերպումը ցույց չի տալիս ընտրական գործընթացներին միջամտելու ապացուցված նպատակ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում