ԱՄՆ-ն Իրանից պատասխան ուղերձ է ակնկալում պատերազմի ավարտի հարցում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ամերիկացի գլխավոր դիվանագետը այդ մասին խոսել է մայիսի 8-ին՝ Հռոմի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում։
«Մենք պետք է որ ինչ-որ բան իմանանք այսօր։ Ակնկալում ենք նրանց [Իրանից] պատասխանը։ Հուսանք այն թույլ կտա լուրջ բանակցային գործընթաց սկսել», հայտարարել է Մարկո Ռուբիոն, որը ներկայում այցով գտնվում է Իտալիայում ու Վատիկանում։
Հայտնի է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով ուղերձներ են փոխանակվում, և հիմա գնդակը իրանական դաշտում է։ Մայիսի 7-ին Իրանում հայտարարել են, որ Թեհրանը դեռևս ուսումնասիրում է ամերիկյան առաջարկները և դեռևս պատասխանի հարցում չի հանգել վերջնական որոշման։
Ավելի վաղը ամերիկյան մի շարք աղբյուրները նշել էին, որ կողմերը մոտ են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի համաձայնեցմանը, որն ուղղված կլինին կրակի դադարեցմանն ու Իրանի միջուկային հարցի բանակցությունների վերսկսմանը։
Իրան-Միացյալ Նահանգներ ուղերձների փոխանակման համատեքստում մայիսի 7–ի գիշերը Հորմուզի նեղուցում անհանգիստ է եղել։ Միացյալ Նահանգներն ու Իրանը ահազանգել են ծովային մարտերի մասին։ Դա առաջին լուրջ բախումն է եղել նրանց միջև մոտ մեկ ամիս առաջ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո։ Մարտերի մասին հայտարարությունից քիչ հետո՝ Իրանն ու Միացյալ Նահանգների հայտնեցին իրավիճակի կայունացման մասին։












