16 տարին լրացածների համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կդառնա․ նախարար

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կդառնա։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 11-ին Ազգային ժողովում ներկայացնելով կենսաչափական նոր համակարգի ներդրման ընթացակարգերը։
«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործարքների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա նաև հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ներկայացրել է նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորությունը, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար՝ ծննդյան վկայականը։
«Բոլոր ճամփորդական փաստաթղթերը, այս օրենքի տրամաբանությանը համապատասխան, համապատասխանելու են միջազգային քաղաքացիական ավիացիայի, Քաղավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեայի 93.03 (International Civil Aviation Organization, ICAO), ստանդարտին»,- հայտնել է նախարարը:
Ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ նախարարը պարզաբանել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը նպատակ ունի երաշխավորել Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման պատշաճ իրավական ընթացակարգերը։ Քանի որ նոր համակարգը նախատեսվում է իրագործել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով, փաթեթը նախատեսում է նաև այդ գործընթացին համապատասխանող անհրաժեշտ մեխանիզմներ:
«Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացմանը։ Օրերս ստացել ենք նաև Եվրոպական Միության կողմից վիզաների ազատականացմանը միտված գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, և փաթեթում նաև հատուկ ընդգծում կա անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի հետ կապված, որովհետև այս օրենքը պիտի հավակնի համակարգային ձևով կազմակերպելու այն բոլոր ընթացակարգերը, որոնք որ անհրաժեշտ են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Ապրիլի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրին 2026-ի աշնանից ներդրվելիք նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վիզուալ հայեցակարգը։
Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերի արտադրությունը մտնում է նախատպագրական և փորձարկման փուլ։
Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերը կտպագրվեն Նիդերլանդներում՝ մասնավոր գործընկերոջ արտադրամասում։











