Ընտրություններ 2026. ամենահարուստ առաջին համարները

Գևորգ Թոսունյան
2026-ի ԱԺ ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացված հայտարարագրերը, որոնք արտացոլում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը, թույլ են տալիս հասկանալ, թե ովքեր են ամենահարուստ թեկնածուները: ՍիվիլՆեթն ուսումնասիրել է վարչապետի թեկնածուներից ճնշող մեծամասնության ֆինանսական միջոցներն ու ունեցվածքը: Մի քանի թեկնածու հայտարարագիր չի ներկայացրել։ Ամենահարուստ թեկնածուների եռյակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, որին հաջորդում են Նարեկ Կարապետյանը և Հայկ Մարությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է հսկայական ծավալի անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մեծամասշտաբ ֆինանսական միջոցներ։ Անշարժ գույքի բաժնում նա նշել է մեկ բնակարան Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում (131,4 քմ), մեկ անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Առինջ գյուղում (5234,9 քմ), 12 հողամաս (որոնց մեծ մասն Առինջում են, մյուսները՝ Պտղնիում, Ծաղկաձորում, Պռոշյանում), 8 տարբեր շենք-շինություններ և Հրազդան գետի ափին գտնվող հանգստի գոտի։
Ծառուկյանի ավտոպարկում թանկարժեք մեքենաների թիվը հասնում է 19-ի։ Նա ունի երեք Rolls-Royce (Cullinan, Phantom, Silver Spur), Bentley Bentayga, երկու Range Rover, երկու Mercedes-Benz (G55 AMG, G63 AMG), BMW, Toyota (Land Cruiser-ներ, Tundra) և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներ։ Որպես թանկարժեք գույք հայտարարագրված են կահույքի բազմաթիվ բարձրարժեք հավաքածուներ, ադամանդակուռ ոսկե ժամացույցներ և մատանիներ (օրինակ՝ նշված են մատանիներ, որոնց արժեքը կազմում է 1-ից մինչև 3 մլն դոլար)։ Այս գույքերը երևում են նաև նրա նախկին հայտարարագրերում։
Դրամական միջոցները կազմում են շուրջ 3,4 մլրդ դրամ, ավելի քան 26,7 մլն դոլար, 5,46 մլն եվրո և 2,33 մլն ռուբլի։ Նրա եկամուտների գերակշիռ մասը գոյացել է շահաբաժիններից. մեկ տարվա ընթացքում ստացել է 4,18 մլրդ դրամ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ից, 1,5 մլրդ դրամ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ից և 292 մլն դրամ «Մուլտի Ուելես Կենտրոն» ՍՊԸ-ից։ Նա ստացել է նվիրատվություն որդուց՝ Նվեր Ծառուկյանից՝ շուրջ 1,36 մլրդ դրամ և 2,79 մլն դոլար։ Որպես եկամուտ նշված են նաև միլիոնավոր դրամների հասնող ստացված փոխառություններ, վարձավճարներ և շուրջ 1,8 մլն եվրոյի եկամուտ՝ բաժնեմասի օտարումներից։
Ծառուկյանն ունի բաժնետոմսեր և փայեր շուրջ 40 ընկերություններում։ Դրանց թվում են «Մուլտի Գրուպի» հովանու ներքո բազմաթիվ ընկերություններ, «ԱրարատՑեմենտը», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, «Օլիմպավանը» և տասնյակ այլ բիզնեսներ, որտեղ նրա բաժնեմասը տատանվում է 40-ից մինչև 100 տոկոսի սահմաններում։
«Ուժեղ Հայաստանի» առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Մոսկվայում (128,4 քմ), մեկ բնակելի տուն Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում (0,18 հա) ու 13 հողամաս, որոնցից 12-ը՝ Լեռնահովիտում, և մեկը՝ Երևանում։ Ունի 2021-ի արտադրության Mercedes-Benz S580 Maybach ավտոմեքենա, որը համատեղ սեփականություն է, և 2025-ի արտադրության Toyota Camry 2.5P։
Դրամական միջոցները կազմել են 16,5 մլն դրամ, 1,8 մլն դոլար ու 2,1 մլն եվրո։ Եկամուտները կուտակվել են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ից՝ մեկ տարվա ընթացքում 675,000 դրամ, և Արթուր Հովակիմյանի նվիրատվությունից՝ 56 մլն դրամ։ Նրան է պատկանում «Տաշիր Արգո» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի 98,8 տոկոսը և «Թի Թաուեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության առաջին համարը՝ Հայկ Մարությանը, ըստ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրի, ունի մեծ քանակությամբ անշարժ գույք Հայաստանում, Ավստրիայում և Չեխիայում։
Մասնավորապես՝ նա հայտարարագրել է մեկ բնակարան (34,2 քմ) և մեկ բնակելի տուն Երևանում, երեք բնակարան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ինչպես նաև հինգ բնակարան, երկու բնակելի տուն, յոթ հողամաս, հինգ ավտոկայանատեղի և հինգ ոչ բնակելի տարածք Չեխիայում (այս գույքի մեծ մասը համատեղ սեփականություն է)։ Մարությանը շարժական գույք չի հայտարարագրել։
Դրամական միջոցները կազմել են ավելի քան 76,1 մլն դրամ, 154,000 դոլար, 122,000 եվրո և 2,6 մլն չեխական կրոն։ Նրա եկամուտները գոյացել են գույքի վաճառքից՝ 65 մլն դրամ և 7,2 մլն չեխական կրոն, տարբեր անձանցից ստացված վարձավճարներից՝ շուրջ 2 մլն չեխական կրոն և 34,600 եվրո, իրեն պատկանող «ԱԱԱ Պրոջեքտս» ՍՊԸ-ից ստացված շահաբաժիններից՝ շուրջ 17 մլն դրամ և 6,316 դոլար, ինչպես նաև Եվա Ջակեսովայի նվիրատվությունից՝ 80,000 եվրո։
«Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Իջևանում՝ 201,5 քմ մակերեսով։ Բանկային հաշիվներում նա ունի 4 մլն դրամից ավելի գումար, կանխիկ միջոցները կազմում են 700,000 դրամ և 800 դոլար։
Եկամուտներ է ստացել վարչապետի պաշտոնից՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 32 մլն դրամ, այսինքն՝ ամսական ավելի քան 2,6 մլն դրամ։ Ստացել է նաև եկամտային հարկի վերադարձ՝ 4,7 մլն դրամի չափով։ Որպես եկամուտ է դիտարկվել նաև «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի 500,000 դոլար գումարը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 500,000 դրամի ռոյալթի։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ունի մեկ բնակարան Ստեփանավան քաղաքում (195,8 քմ) և բնակելի տուն Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում (1715,7 քմ)։
Նրա եկամուտները կուտակվել են պարտատոմսերից՝ մեկ տարվա ընթացքում 34,740 դոլար, բանկային ավանդից՝ 2,5 մլն ռուբլի, և թոշակից՝ 15 մլն դրամ։ Դրամական միջոցները կազմում են 15,3 մլն դրամ, 772,000 դոլար ու 14,7 մլն ռուբլի։ Քոչարյանն ունի 0,011 բաժնեմաս ռուսական «Սիստեմա» ընկերությունում։
«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան (183,95 քմ), մեկ տարածք (25,5 քմ) և մեկ ավտոկայանատեղի (25,9 քմ) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (բոլորն էլ՝ ընդհանուր բաժնային համատեղ սեփականություն)։
Նա ունի 80 մլն դրամ ու 55,700 դոլար, իսկ եկամուտները կուտակվել են իր անվամբ հիմնադրամից՝ մեկ տարվա ընթացքում 5,9 մլն դրամ, ինչպես նաև ավելի քան 33,4 մլն դրամ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, և շուրջ 514,000 դրամ՝ Երևանի պետական համալսարանից։ Թաթոյանը որևէ ընկերությունում արժեթղթեր և բաժնեմասեր չունի։
«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Երևանի Լեո փողոցում բնակարանի համասեփականատեր է, ունի 2006-ի արտադրության Kia Sorento 3.5 ավտոմեքենա, բայց չի հայտարարագրել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ էլ եկամուտներ կամ բաժնեմասեր։
«Ռեֆորմիստների» կուսակցության առաջին համարը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ պաշտպանության նախարար և ՌԴ-ում դեսպան աշխատած Վաղարշակ Հարությունյանը, հայտարարագրել է բնակարան Երևանի Պարոնյան փողոցում (204 քմ), ինչպես նաև 400,000 դրամ ու 30,000 դոլար։ Եկամուտներ է ստացել թոշակից՝ ավելի քան 494,000 դրամ, «Հայէկոնոմբանկի» ավանդից՝ 720,000 դրամ, ու «Սբերբանկի» ավանդից՝ 884,000 ռուբլի։
«Ազգային-ժողովրդավարական բևեռի» առաջին համար Գևորգ Կարապետյանը հայտարարագրել է 400 քմ բնակարան Մարտունիում և 1996-ի Mercedes-Benz։ Աշխատում է «Բլեսս» ՈւՎԿ-ում, որտեղից ստացել է 3 մլն դրամ եկամուտ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ունի մեկ հողատարածք՝ 0,75 հա մակերեսով, ինչպես նաև եկամուտներ է ստանում «Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ից՝ վերջին մեկ տարում 1,5 մլն դրամ։ Բացի այդ, նա աշխատավարձ է ստացել Քուվեյթում գործող «Արթուր Բռադեռս Լեգասի» ընկերությունից՝ 6,000 քուվեյթյան դինարի չափով։
«Հանրապետության» առաջին համար Արամ Սարգսյանն հայտարարագրել է 30 մլն դրամ, 100,000 դոլար և 10,000 եվրո, ինչպես նաև մեկ բնակելի տուն Արարատի մարզի Արարատ գյուղում (800 քմ մակերեսով)։ Ունի 2025-ի արտադրության L7 և 1994-ի արտադրության Mercedes-Benz G-Class մակնիշի ավտոմեքենաներ (երկուսն էլ՝ սեփականություն)։ Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել է արվեստի գործ (արժեքը նշված է որպես «անգին») և գրիչների հավաքածու (100,000 դոլար և ավելի արժողությամբ)։
Նրա եկամուտները գոյացել են «Գալիք» ՍՊԸ-ից ստացված շահաբաժնից՝ մեկ տարվա ընթացքում 21 մլն դրամ, և ՀՀ կառավարությունից ստացված կենսաթոշակից՝ 1,47 մլն դրամ։ Արամ Սարգսյանն ունի բաժնեմասեր երեք տարբեր ընկերություններում. մասնավորապես՝ 50 տոկոս բաժնեմաս «Գալիք» ՍՊԸ-ում, 45 տոկոս՝ «Հատուկ Ցեմենտ» ՓԲԸ-ում, և 25 տոկոս՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջին համարը՝ Սուրեն Պետրոսյանը, ըստ հայտարարագրի, ունի երկու բնակարան Երևանում (104,5 քմ մակերեսով՝ որպես համատեղ սեփականություն, և 47,6 քմ մակերեսով՝ որպես միանձնյա սեփականություն), ինչպես նաև մեկ հողամաս Ջերմուկ քաղաքում (950 քմ), որը նույնպես միանձնյա սեփականություն է։ Ունի 2018-ի արտադրության Genesis G80 և 2008-ի Skoda Fabia ավտոմեքենաներ (երկուսն էլ՝ միանձնյա սեփականություն)։
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 4,7 մլն դրամ։ Թեև աշխատանքի վայրի և պաշտոնի բաժնում նշել է՝ «չեմ աշխատում», նրա եկամուտը գոյացել է շահաբաժնից. մեկ տարվա ընթացքում ստացել է 178,000 եվրո եկամուտ «Էլ Ջի Էլ-Վիդո Ֆրանս»-ից։ Պետրոսյանը որևէ ընկերությունում արժեթղթեր, ներդրումներ կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել։
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում (106,3 քմ մակերեսով) և երեք հողամաս Մուշ թաղամասում (յուրաքանչյուրը 0,1 հա մակերեսով)։ Անշարժ գույքի բոլոր միավորները նրա միանձնյա սեփականությունն են։
Արման Բաբաջանյանը հայտարարագրել է նաև 2011-ի արտադրության Toyota Land Cruiser 150 (4.0 GAS) մակնիշի ավտոմեքենա (միանձնյա սեփականություն)։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 12 մլն դրամ՝ կանխիկ։ Նրա եկամուտը գոյացել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի շահաբաժնից. մեկ տարվա ընթացքում նա ստացել է 230 մլն դրամ։
Կազմակերպություն
Իրադարձություն
Հասանելի է
français








