TRIPP նախագծի շրջանակներում չի բացառվում որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք, օրինակ՝ երկաթգծի կայարանների։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Երևանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Զուգահեռ ընթանում է միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։ Մենք ուզում ենք հնարավորինս շուտ այն ստորագրենք և ուժի մեջ մտնի»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրել է, որ TRIPP նախագծի շուրջ ամենօրյա աշխատանքներ են ընթանում․ տարածքի ուսումնասիրություն, ֆինանսական ներդրումային հետաքրքրության ուսումնասիրություն, կառավարման մոդելների ուսումնասիրություն և այլն։
TRIPP-ի տեղանքի հետազոտման նպատակով օրեր առաջ Հայաստան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը։
TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։












