Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի 9-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։
Նրա խոսքով՝ վարորդական իրավունքի կորուստն այս դեպքում կապված չէ վարելու հմտությունների, այլ խախտման փաստի հետ։
«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, իրեն մոտեցած նույն քաղաքացիներին Փաշինյանն ասել էր, որ հարցով զրուցել է ՆԳ նախարարի հետ և փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է լուծում տալ խնդրին։ Նրա խոսքով՝ պարզվել էր, որ օրենքով այլ տարբերակ չկա, քան մեկ տարի անց կրկին քննություն հանձնելն ու վարորդական իրավունքը վերականգնելը։












