«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մայիսի 17-ին կոմիտեից հայտնել էին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Մայիսի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցիալական իր էջերում հրապարակված տեսանյութերում հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները նույն օրը Լոռու մարզի որոշ բնակավայրերում խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը։












