Գլխավոր Լրահոս

Անհամաչափ արձագանք, կյանքի իրավունքի խախտում. իրավապաշտպանը՝ «Նուբարաշենում» ինքնասպանության մասին

Անհամաչափ արձագանք, կյանքի իրավունքի խախտում. իրավապաշտպանը՝ «Նուբարաշենում» ինքնասպանության մասին

Նախընտրական պաստառներ պատռելու հիմքով ձերբակալված, այնուհետև պետության հոգածության ներքո գտնվող հոգեբուժական հաստատությունում ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի միջադեպն իրավապահ համակարգի անհամաչափ կոշտ գործողությունների և մարդու կյանքի իրավունքի խախտման դրսևորում է. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցած ողբերգության բացահայտումը պահանջում է խորը քննություն:

Օրերս «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն էր գործել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ընտրական քարոզչությանը խոչընդոտելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 211-րդ հոդվածի 1-ին մաս): Միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ մտահոգիչ համարելով ազատությունից զրկված անձի անվտանգության ու համարժեք խնամքի ապահովման պետության խնդիրը և իրավասու մարմիններից պահանջելով բազմակողմանի քննություն։

Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ կատարվածն առաջին հերթին աչքի է ընկնում ոչ համաչափ քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ։ Հովհաննիսյանն ընդգծում է, որ պաստառներ պատռելը չի դասվում ընտրական այնպիսի կոպիտ խախտումների շարքին, ինչպիսիք են ընտրակաշառք բաժանելը կամ զենքով տեղամաս մտնելը, ուստի այն պետք է դիտարկվեր բացառապես վարչական իրավախախտումների տիրույթում։

«Դա ընտրական գործընթացի այնպիսի խախտում կամ այնպիսի միջամտություն չէ, որը կարող է քրեական հետևանք առաջացնել, ուստի դիտարկվում է ընդամենը վարչական իրավախախտումների շրջանակում։ Եվ տվյալ քաղաքացու նկատմամբ նման խիստ մոտեցումն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է»,- նշեց իրավապաշտպանը:

Խոսելով կատարվածի ինստիտուցիոնալ ասպեկտի մասին՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քաղաքացին ի սկզբանե ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, և նման իրավիճակում իրավապահների ընտրած խիստ խափանման միջոցներն ու կիրառված ընթացակարգերը կարող էին ճակատագրական ազդեցություն ունենալ նրա հոգեկան վիճակի վրա:

«Այսպիսի վերաբերմունքն ու մոտեցումը, հավանաբար, կարող էր սրել նրա վիճակը և հասցրել ինքնասպանության այնպիսի հաստատությունում, որը փաստացի պետության հոգածության ներքո է գտնվում: Դա արդեն իսկ կյանքի իրավունքի խախտում է այնտեղ, որտեղ պետության ուշադրությունը պետք է ամենաուժեղը լիներ»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված իրավապահ համակարգի նման, իր ձևակերպմամբ, անհամաչափ արձագանքը, Հովհաննիսյանն արձանագրեց, որ նախընտրական փուլում համակարգն աշխատում է գերլարված ռեժիմով՝ կրելով նաև կոշտ գործելու որոշակի քաղաքական ճնշումներ։ 

Ըստ նրա՝ իշխանությունների հայտարարությունները, թե իրավախախտումներն անտեսված չեն մնալու, հաճախ հանգեցնում են նմանօրինակ ռեակցիոն քայլերի՝ անհանդուրժողականության պատրանք ստեղծելու նպատակով: Իրավապաշտպանը սա որակում է որպես ցուցադրական գործողություն, որն էականորեն հակադրվում է համակարգային հանցագործությունների բացահայտման ցածր մակարդակին: Որպես օրինակ՝ նա մատնանշեց ընտրակաշառքների գործերով ազատազրկման մի քանի երկու դեպք վերջին տարիներին:

Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքի պատասխանատվության շղթայում Հովհաննիսյանն առաջնային է համարում իրավապահ համակարգի դերը, որը, իր կարծիքով, խնդրահարույց որակում է տվել արարքին և գործընթացն ուղղորդել քրեական վարույթի ճանապարհով։ 

«Արդյոք անձն օգտվե՞լ է իրեն վերապահված պաշտպանության իրավունքներից: Ինչպե՞ս են կատարվել այդ գործողությունները, ինչպե՞ս է որակվել նրա առողջական վիճակը, ի՞նչ գործողություններ են իրականացվել և ինչպե՞ս է նա տեղափոխվել բժշկական հաստատություն: Այդ ամբողջ ընթացակարգերը ևս խնդրահարույց են, ինչը կարող էր մարդու մոտ բավականին լուրջ ցնցումներ առաջացնել և, ի վերջո, կյանքին վերջ տալու ազդակներ հաղորդել»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում