Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հորդառատ անձրևների հետևանքով Բաքվում ջրածածկվել են փողոցներն ու տները: Ադրբեջանի մայրաքաղաքը հյուրընկալում է Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանը։ Ջրածածկվել է նաև այն վայրը, որտեղ անցկացվում է համաժողովը՝ Բաքվի օլիմպիական մարզադաշտի բակը, իսկ մասնակիցներին նկատել են ողողված փողոցներով անցնելիս։
Տարածքի ջրածածկման մասին հայտնի է դարձել համաժողովի օտարերկրյա մասնակիցներից մեկի՝ սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են տարբեր ազգությունների մասնակիցներ ջրի միջով անցնում՝ կոշիկները ձեռքին պահած և տաբատները վեր քաշած։
Մարտի վերջին և ապրիլի սկզբին Բաքվում և Ադրբեջանի հյուսիսային մի շարք շրջաններում հորդառատ անձրևների ու սողանքների հետևանքով նույնպես ուժեղ ջրհեղեղներ էին գրանցվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Բաքվում ջրհեղեղների ընթացքում տարհանվել է ավելի քան 500 մարդ։
Ապրիլի վերջին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր հրամանագիր՝ ջրհեղեղների պատճառած վնասները փոխհատուցելու համար՝ պետական բյուջեից հատկացնելով 86 միլիոն մանաթ (50 միլիոն դոլար) «գետերի վրա պատնեշների կառուցման, կոյուղու պոմպակայանների սարքավորումների վերանորոգման, հողի նստեցումների և սողանքների վերացման, կոյուղատար կոլեկտորների նստեցումների և էլեկտրացանցերի վնասների վերացման համար»։
Չնայած սոցիալական ցանցերում Բաքվի օլիմպիական մարզադաշտի շրջակայքում ջրհեղեղների մասին տեղեկություններին՝ պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել։
Մայիսի 18-ին WUF13-ի ազգային համակարգող Անառ Գուլիևը հայտարարել է, որ խնդրի հիմքում կլիմայական փոփոխություններն են։
«Իրականում այս ֆորումի առաջին երկու օրերն արդեն ցույց տվեցին մեզ բոլորովին տարբեր եղանակային պայմաններ, և սա նույնպես կլիմայի փոփոխության հետևանք է»,- ասել է Գուլիևը ֆորումի բացման արարողությունից հետո մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ինքը մեծացել է Բաքվում և երբեք մայիսին նման անձրև չի տեսել։
Գուլիևի հայտարարությունները քննադատության ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում․ օգտատերերը պնդել են, որ խնդիրը ոչ թե արտասովոր անձրևներն են, այլ վատ կառավարումը։
«Անձրևը նորմայից բարձր չէ, կոռումպացված պաշտոնյաներն են նորմայից բարձր։ Ձեր թալանը և ստացած շահույթը բոլոր սահմաններից դուրս է։ Դուք եք քաղաքը հասցրել այս վիճակին։ Եթե իսկապես ջրհեղեղ լիներ, ջուրը ենթակառուցվածքներով կհոսեր ու հանգիստ կհասներ Կասպից ծով։ Ամեն անձրև նորմայի խախտում չէ, բայց ամեն անձրևից հետո քաղաքը հասնում է այս վիճակին։ Խնդիրը դուք եք»,- գրել է սոցիալական ցանցերի օգտատեր Այնուր Հիլալը։












